ԵՎՐՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Եվրոպայում սկսվում են նոր ժամանակներ։ Ցավոք, պատմության այս նոր էջը եվրոպացիների համար սկսվում է մեծ դժվարություններով։ Իրավիճակը շատ է հիշեցնում Սովետական Միության վերջին տարիները, որից հետո սկսվեցին մեծ զրկանքների տարիներ Սովետական Միության անդամ պետություններից մեծ մասի համար։

Դեռևս հիշում ենք ցուրտ ձմեռները, աղետալի պատերազմը և բազմաթիվ այլ դժվարություններ։ Ներկայումս նման դժվարություններ են կանխատեսվում ողջ Եվրոպայի համար։ Այս անկայուն իրավիճակը մեծ հարված է հասցնում Եվրոգոտուն. աշխարհով մեկ եվրոն արագորեն արժեզրկվում է։

Ծանոթանանք իրավիճակին՝ ՀՀ-ում արձանագրված եվրո/դրամ փոխարժեքի տատանումների օգնությամբ․

Գծապատկեր 1․Եվրո/դրամ փոխարժեքի դինամիկան 2021 և 2022թթ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում

Դեռևս 2021թ․-ի հունվարին 1-ին եվրոն Հայաստանում արժեր 633․ 02 դրամ, իսկ արդեն 2022թ․հունվարին՝ 546,25։ Այնուհետև նկատում ենք եվրոյի արժեզրկման միտում։ Դրա արդյունքում 2022թ․-ի օգոստոսին եվրոն արդեն արժեր 410,96 դրամ։ Այս անկումը շարունակվում է նաև սեպտեմբեր ամսին։  Այս միտումը տնտեսվարողներից մի մասի համար ունենում է դրական, իսկ որոշների մասով՝ բացասական հետևանքներ։
Եվրո/դրամ փոխարժեքը բարձր մակարդակների վրա արհեստականորեն պահելը որևէ դրական արդյունքների չի հանգեցնի։ Ընդհանուր առմամբ՝ կարող է ունենանք մի փոքր կարճաժամկետ ազդեցություն, սակայն  եվրոյի արժեզրկման հիմքերը Հայաստանում չեն։

Եվրոյի արժեզրկումն ունի գլոբալ բնույթ, և այս վիճակը կշարունակի պահպանվել դեռևս որոշակի ժամանակահատվածում․

Գծապատկեր 2․Եվրոի արժեզրկման հիմնական գործոնները

Եվրոյի արժեզրկման վրա ազդող հիմնական գործոններն են ռուս-ուկրաինական հակամարտությունը, տնտեսական պատժամիջոցները և Եվրոմիության երկրների ներքին հակասությունները։ Իհարկե, այս  բոլոր երեք գործոններն իրար հետ ևս ուժեղ կապ ունեն։

Եվրոգոտու երկրներից մեծ մասի անմիջական մասնակցությունը ռուս-ուկրաինական եղբայրասպանությանը ընթանում է Ուկրաինային մեծածավալ ֆինանսական օգնության և զենքի տրամադրմամբ։ Այս ամենի համար վճարում են եվրոգոտու տնտեսությունները։

Մյուս կարևոր գործոնը ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են։ Հատկապես մեծ վնաս են պատճառում ռուսական գազի և նավթի շուրջ ծավալվող իրադարոձությունները։ Այս ամենի կիզակետը Բալթիկ ծովի հատակում ռուսական գազատարների պայթյունն է, որի արդյունքում Եվրոպայում և, մասնավորապես Եվրոգոտում, վառելիքի և մյուս բոլոր բարիքների գներն էական աճելու են, իսկ ռուսական մատակարարումներն առհասարակ կարող են դադարել՝ եվրոպական հսկայական արդյունաբերությունը թողնելով առանց այդքան անհրաժեշտ էներգետիկ ռեսորսների։

Եվրոյի արժեզրկման վրա ազդող մյուս գործոնը ներքին հակասություններն են, որոնք ունեն երկու ուղղություն՝ ռուսական և անջատողական։ Կան եվրոպական երկրներ, որոնք այդքան էլ ոգևորված չեն ՌԴ դեմ պատժամիջոցներով՝ օրինակ՝ Հունգարիան։ Մյուս կողմից կան անջատողական ուժեր, որոնք արտահայտվում են Եվրամիության կազմալուծման օգտին։ Վերջերս Իտալիայում կայացած ընտրություններին իշխանության են եկել աջերը: Նրանց շարքերում կան ուժեր, որոնք այնքան էլ ջերմորեն չեն վերաբերվում Եվրամիությանը։ Ֆրանսիայում գործում է Եվրամիության հանդեպ համակրանք չտածող Մարին Լը Պենը։

Share This Article