Մեր նախորդ վերլուծություններում մի քանի անգամ անդրադարձել ենք ռուս-հայկական վատթարացող հարաբերություններին՝ նշելով, որ ՀՀ տնտեսությունը չափազանց մեծ կախվածություն ունի ՌԴ տնտեսությունից։ Իրավիճակի էլ ավելի սրումն անմիջական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության ՝ հատկապես ՀՀ արտահանման և ներմուծման վրա։ Արդեն տեսնում ենք ռուսական կողմի վերաբերմունքը ԵՏՄ անդամ Հայաստանին։
Հայկական արտադրանքով բեռնատարները Լարսի անցակետից հետ են ուղարկվում․ ի՞նչն է պատճառը
Սա փաստացի նշանակում է տնտեսական պատժամիջոցների կիրառում դաշնակից երկրի նկատմամբ։ Անշուշտ, ռուսական այս քաղաքականությունն է՛լ ավելի է մեծացնում Հայաստանում առկա բացասական տրամադրվածությունները ՌԴ-ի նկատմամբ։ Ի վերջո տուժում են սովորական քաղաքացիները զուտ այն պատճառով, որ իշխանական վերին օղակներում դաշնակիցները չեն կարողանում դաշնակցային պատշաճ հարաբերություններ պահպանել և գալ ընդհանուր հայտարարի։
Այս ամենը վտանգավոր է նաև պարենային անվտանգության տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը մեծ ծավալների պարենային ապրանքներ է ներմուծում․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ է ներմուծվել մոտ 90 հզր տոննա ցորեն։ Այս ծավալները 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ կրճատվել են 32%-ով։
Ներմուծման ծավալով երկրորդ տեղում է շաքարավազի ներմուծումը։ Վերջինիս ծավալները 2022թ․-ի երրորդ եռամսյակի համեմատ աճել են շուրջ 9 անգամ։
Երրորդ տեղում է մրգի ներմուծումը, որի ծավալները 2023թ․-ի երրորդ եռամսյակում կազմել են մոտ 11 հզր տոննա։ Վերջինս 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 17%-ով։
Մյուս կողմում ՀՀ պարենային ապրանքների արտահանումն է․
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ ՀՀ-ն 2023թ-ի 3-րդ եռամսյակում արտահանել է մոտ 44 հզր տոննայի միրգ։ Վերջինիս արտահանման ծավալները 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել են 3%-ով։
Արտահանման մեծ ծավալներով աչքի է ընկնում կոնյակը՝ մոտ 22 հզր տոննա։ Սակայն 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 17%-ով։
Հաջորդիվ զգալի ծավալ են հանքային ջրերի արտահանումը, որի ծավալները 2023թ-ի 3-րդ եռամսյակում կազմել է մոտ 6 հզր տոննա։ Այս ծավալները 2022թ-ի երրորդ եռամսյակի համեմատ կրճատվել են 25%-ով։
- Գաղտնիք չէ, որ արտահանման և ներմուծման ծավալներում իր շոշափելի բաժինն ունի ՌԴ-ն, ինչին մենք անդրադարձել էինք նախորդ վերլուծությունում: