Հայաստանը ներկայումս հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Պարզվում է՝ ՀԱՊԿ-ն սկսել է չտեսնել Հայաստանի սահմանները: Դրանից օգտվելով՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկիր Ադրբեջանը կիլոմետրերով առաջ է գալիս: Փաստացի խախտվում է ՄԱԿ-ի անդամ Հայաստանի սուվերեն տարածքը, իսկ միջազգային հանրությունը պահպանում է մասնակի լռություն:
Այս պայմաններում լիովին հասկանալի է հանրության վրդովմունքը: ՌԴ վարքագիծն իրապես անհասկանալի է հանրության համար: Մյուս կողմից, առաջնահերթ լրջագույն խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն միջազգային հարթակում քննադատության ու ծաղրի առարկա ենք դառնում Նենսի Փելոսիի այցի կազմակերպչական բացթողումների և Բրիտանիայում ՀՀ նախագահի ամոթալի վարքագծի պատճառով: Նկատենք, որ այս խայտառակություններն անմիջապես անդրադառնալու են ՀՀ արտաքին վարկանիշի, այլև ԱՄՆ-ում և ՌԴ-ում մեր սփյուռքահայերի տարիներ շարունակ ձեռբ բերած հաջողությունների վրա:
Հիշեցնենք, որ դեռևս թշնամին մխրճված է մեր սուվերեն տարածքում, կան բազում գերեվարվածներ և զոհեր, ինչպես նաև Արցախի հարցը կախված է օդում, իսկ ներկայիս զինադադարը խիստ փխրուն է: Այս պայմաններում չի կարելի վնասել արդեն իսկ վնասված հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ: Միևնույն ժամանակ պետք է բարձր մակարդակի հարաբերություններ հաստատվեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Բոլոր այս պետությունները ՀՀ տնտեսության խոշորագույն դոնորներն են: Դրա մասին են վկայում վերոնշյալ երկրների կողմից ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների ծավալները.
Գծապատկեր 1. ՀՀ իրական հատվածում կատարված ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2022 թ.-ի առաջին եռամսյակում
Գծապատկեր 1–ն ամեն ինչ ասում է: Ինչպե՞ս կարելի է չեղարկել ռուս-հայկական հարաբերությունները 1 օրվա ընթացքում՝ խաղալով Արևմուտք-ՌԴ հակասությունների վրա, երբ ռուսական ներդրումների մաքուր պաշարները ՀՀ իրական հատվածում կազմել են մոտ 1,025,690 մլն դրամ: Վերջինս կազմում է իրական հատվածում կատարված ներդրումների մաքուր պաշարների ծավալի մոտ 36 %-ը:
Ինչպե՞ս կարելի է թուլացնել և արժեզրկել Հայաստան-Միացյալ Թագավորություն կապերը, երբ բրիտանական ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2022 թ․-ի առաջին եռամսյակում կազմել են 146,141 մլն դրամ, որը կազմում է ընդհանուր մաքուր պաշարների ծավալների մոտ 5 % -ը: Նմանապես նկատում ենք, որ ամերիկյան ներդրումների մասնաբաժինը կազմում է մաքուր ներդրումների ընդհանուր ծավալների մոտ 3 % -ը, Իրանինը՝ մոտ 2 %-ը, և Վրաստանինը՝ 0.1 % -ը: Այս երկրների հետ հարաբերությունների վատթարացումը պարզապես կկանգնեցնի ՀՀ իրական հատվածի շարժը
Մյուս կողմում են ներդրումները ֆինանսական հատվածում, որտեղ վերոնշյալ երկրներից ակտիվ են հետևյալները.
Գծապատկեր 2. ՀՀ ֆինանսական հատվածում կատարված ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2022 թ․-ի առաջին եռամսյակում
Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ում, բրիտանական նեդրումների մաքուր պաշարները ՀՀ ֆինանսական հատվածում 2022 թ․-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 189,834 մլն դրամ: Վերջինս կազմում է ֆինանսական հատվածում կատարված ներդրումների մաքուր պաշարների ծավալի մոտ 8 % -ը:
ՌԴ-ի, որից նեղացել են մեր «վերևները», ներդրումների ծավալները կազմել են 63,926 մլն դրամ կամ նեդրումների մոտ 5 % -ը: Այստեղ ակտիվ են ԱՄՆ-ն և Իրանը, որոնց մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար մոտ 3 % և մոտ 2 %:
Այսպիսով, կարելի է խորհուրդ տալ, որպեսզի արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնողները ոչ թե շարժվեն վերացական և կասկածելի երազանքներով, այլ գնահատեն իրավիճակը իրականության մեջ և գործեն դրան համապատասխան՝ թույլ չտալով նույնիսկ չնչին ձախողումներ, քանի որ ներկայիս հիվանդ աշխարահաքաղաքական պայմաններում դա կարող է կործանարար լինել Հայաստան պետության համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում