Տնտեսության առանցքներից մեկը գյուղատնտեսությունն է՝ շոշափելի թվով աշխատատեղերի և պարենային անվտանգության ապահովման երաշխավորը։
2024թ. առաջին եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 87,274.1 մլն դրամ։ Վերջինիս 84%-ն ապահովել է անասնաբուծության, իսկ 16%-ը՝ բուսաբուծության ոլորտը։ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ փոփոխությունները եղել են հետևյալը․
Արձանագրենք, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ. առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ կազմել է 3,7%։ Ընդ որում՝ 2024թ. առաջին եռամսյակում 2023թ. նույն եռամսյակի համեմատ անասնաբուծության համախառն արտադրանքի իրական աճը կազմել է 0,4%, իսկ բուսաբուծության պարագայում՝ 24,5%։
Վիճակագրական կոմիտեն նշում է, որ բուսաբուծության ոլորտի առավել մանրամասն վիճակագրությունը հրապարակվելու է 2024թ. երկրորդ եռամսյակից սկսած, իսկ անասնաբուծության մասով առկա վիճակագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ սպանդի համար իրացված գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ծավալների ամենաբարձր աճերը 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ արձանագրվել են Երևանում, Լոռիում և Վայոց Ձորում համապատասխանաբար 37,5%-ով, 29,4%-ով և 20%-ով։
Այս ցուցակում այդքան էլ բնական չէ Երևանի մասնակցությունը և այն էլ՝ այդքան բարձր աճի ապահովումը։ Նույն կերպ ձվի արտադրության ծավալների պարագայում։ 2024թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ձվի արտադրության ծավալների առավելագույն աճեր դիտվել են Արմավիրում, Երևանում և Սյունիքում՝ համապատասխանաբար 28,3%-ով, 18%-ով, և 3,1%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում