30 մլն դոլարի ներդրում, 300 նոր աշխատատեղ. Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան

1 Min Read
Նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 9-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ:
Նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի (երկրորդ փուլով՝ ևս 40 մլն դոլարի) ներդրում, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։
«Ջի Թի Բի Հոլդինգս»-ի տնօրեն Տիրան Հակոբյանի և ներդրող Բոբբի Կանգի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին և առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնք կկիրառվեն բարձրորակ պողպատե արտադրանքի արտադրության մեջ։
Նախարարն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը տարածաշրջանում տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման գործում։
Կիսվեք այս հոդվածով