Հայաստանում աշխատանքի շուկան զարգանում է իր գրված և չգրված օրենքներով։ Ընկերությունները փորձում են համապատասխան կադրեր ընտրել՝ աշխատանքում լավագույն որակ ապահովելու և առավելագույն արդյունավետություն գրանցելու համար: Իսկ աշխատանք փնտրողները ձգտում են զբաղեցնել կայուն հեռանկարով թափուր հաստիքներ՝ իհարկե, հնարավորինս բարձր աշխատավարձով և հնարավորինս թեթև աշխատանքային գրաֆիկով:
Իսկ թե որքա՞ն է կազմել աշխատանք փնտրողների թիվը մայիսին, դիտարկենք ստորև.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ մայիսի վերջի դրությամբ 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրողների թվաքանակը նվազել է մոտ 2%-ով՝ կազմելով 63,524 մարդ։ Նկատենք, որ 2024թ․ մայիսին 2018թ․ մայիսի համեմատ աշխատանք փնտրողների թվաքանակը նվազել է 23%-ով։ 2024թ․ մայիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների շուրջ 68%-ը գործազուրկ են։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալներից նկատում ենք, որ 2021թ-ից ի վեր աշխատանք փնտրողների թվաքանակը շարունակում է պահպանել նվազման միտումը։
2024թ․ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ աշխատանք փնտրողների թվաքանակի ամենամեծ անկումը՝ 39,9%, արձանագրվել է Շիրակի մարզում՝ կազմելով 6,536 մարդ, իսկ ամենամեծ աճը՝ 16,1%-ով, Կոտայքի մարզում՝ կազմելով 9,326 մարդ։
2024թ․ մայիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների 60%-ը կանայք են, իսկ 40%-ը՝ տղամարդիկ։ Այս միտումը առկա է 2018-2024թ․ մայիս ամիսներին, ինչպես նաև 2024թ․ հունվար-մայիս բոլոր ամիսներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում