Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը տուրիզմն է, որի զարգացման հետ շղթայաբար զարգացնում են նաև տնտեսության այլ ոլորտները։ Իրականում Հայաստանը տուրիզմի զարգացման համար ունի բազմաթիվ նախադրյալներ՝ բնության, լանդշաֆտային առանձնահատկություններից մինչև պատմամշակութային արժեքներ:
Զբոսաշրջության զարգացման համար հարկավոր է ամրապնդել և զարգացնել համապատասախան ենթակառուցվածքները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թե՛ մեզ և թե՛ զբոսաշրջիկների համար լիարժեքորեն տեսանելի ու հասանելի դարձնել մեր երկրի պատմամշակույթային ժառանգությունն ու բնության գողտրիկ վայրերը։ Ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ցանկություններն, իհարկե, առկա են, նախագծերի պակաս էլ, թվում է, չկա, սակայն գործողությունները կատարվում են չափազանց դանդաղ։
Ինչևէ, տուրիզմի բնագավառում մեծ դերակատարում ունեն հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։ Վերջիններիս գործունեության առանցքային ցուցանիշների մասով ունենք հետևյալ վիճակագրությունը 2023թ․ կտրվածքով․
2023թ․ 2022թ․ համեմատ հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների թիվն աճել է 8%-ով՝ կազմելով 1,140 միավոր։ Ի դեպ, հյուրանոցների և հյուրատների 54%-ը տեղակայված են Երևանում։
Հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում համարների թվաքանակը 2023թ․ դրությամբ կազմել է 12,507 միավոր։ Վերջինս նախորդ տարվա համեմատ ավելացել է 15%-ով։ Շատ ուրախալի է պարզել, որ 2023թ․ 2022թ․ համեմատ ամենաշատ աճը՝ 45%, դիտվել է ընտանեկան համարների մասով, որի արդյունքում ունենք ընտանեկան 1,263 համար, որի 26%-ը տեղակայված է Երևանում։
2023թ․ 2022թ․ համեմատ ամենամեծ կրճատումը՝ 47%, դիտվել է նախագահական լյուքս համարների մասով։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աշխատողների թվաքանակը 2023թ․ կազմել է 8,205 մարդ, որի 61%-ը գտնվում է Երևանում։
Աշխատողների թվաքանակը 2023թ․ 2022թ․ համեմատ աճել է մոտ 1%-ով։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասույթի ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 4%-ով՝ կազմելով ֏ 58,2 մլրդ։ Ընդհանուր հասույթի 79%-ը ձևավորվում է Երևանում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում