Եղիսաբեթ Երկրորդի պատկերով թղթադրամները կմնան որպես օրինական վճարման միջոց

2 Min Read

Սեպտեմբերի 8-ին մահացած Եղիսաբեթ Երկրորդի պատկերով թղթադրամները կմնան որպես օրինական վճարման միջոց։ Այս մասին ասվում է Անգլիայի բանկի հաղորդագրության մեջ՝ կապված միապետի մահվան հետ։

«Նորին մեծություն թագուհու պատկերով ներկայիս թղթադրամները կմնան շրջանառության մեջ: Անգլիայի բանկի գործող թղթադրամների վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կարվի սգո շրջանի ավարտից հետո», – հայտնել են բանկից:

Ինչպես փոխանցում է «Газета.ru»-ն, բրիտանական օրենսդրության համաձայն՝ Անգլիայի բանկը նոր միապետի գահ բարձրանալուց հետո պետք է սկսի նոր թղթադրամների թողարկումն ու նրա պատկերով մետաղադրամների հատումը։

Բրիտանական գահը ժառանգել է Էլիզաբեթի որդին՝ 73-ամյա Չարլզը, ով վերցրել է Չարլզ III թագավորական անունը։ Նա, բացի Բրիտանիայից, դարձել է ևս 14 անկախ պետությունների թագավոր՝ Ավստրալիա, Անտիգուա և Բարբուդա, Բահամյան կղզիներ, Բելիզ, Գրենադա, Կանադա, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվինեա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լուչիա, Սողոմոնի կղզիներ, Տուվալու և Ջամայկա։

Նշենք, որ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ սուգը կտեւի 10 օր՝ սկսած սեպտեմբերի 9-ից։ Սգո վերջին օրը «Վինձոր» ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում պետք է կատարվի հանդիսավոր պատարագ, որից հետո թագուհին կհուղարկավորվի Թագավոր Գեորգ VI-ի հիշատակի մատուռում։

Եղիսաբեթ II-ը 96 տարեկան էր, նա գահ էր բարձրացել 1952 թվականին և դարձել բրիտանական պատմության ամենատարեց և ամենաերկարակյաց միապետը։ Բուքինգհեմյան պալատը նրա մահվան մասին հայտարարել է հինգշաբթի երեկոյան։ 

Share This Article