CBDC-ները կառավարություններից պահանջում են հատուկ ուշադրություն դարձնել անվտանգությանը

2 Min Read

Մոտ ապագայում CBDC կիրառող յուրաքանչյուր երկիր պետք է համոզվի, որ ի զորու է պաշտպանել իր թվային ակտիվները և անձնական բանալիները: Այս մասին փոխանցում է Cointelegraph -ը:

Ֆինանսական աշխարհի թվայնացմանը զուգահեռ արագորեն նվազում է կանխիկի օգտագործումը։ Իսկ կենտրոնական բանկերը ցանկանում են հարմարվել փոփոխվող միջավայրին: Համաշխարհային մասշտաբով թվային վճարումների հավելվածների աճը և COVID-19-ը միայն արագացրել են կանխիկի օգտագործման անկումը՝ խթանելով թվային արժույթների նկատմամբ հետաքրքրությունը և ավելի հեշտ վճարային լուծումների պահանջարկը:

Պայմանավորված կրիպտոյի ընդունման շարունակական ընդլայնումով՝ կենտրոնական բանկերի թվային արժույթների (CBDC) գաղափարը ևս ակտիվացել է: Աշխարհի տարբեր կառավարություններ ուսումնասիրում են սեփական թվային արժույթի թողարկման գաղափարը, իսկ մի քանիսն արդեն գործարկել են:

Պետք չէ ակնկալել, որ CBDC-ները կնմանվեն բիթքոինի (BTC) ապակենտրոնացված բնութագրերին, քանի որ, բանկը կենտրոնացված կազմակերպություն է: Այս դեպքում  բազմաթիվ են «կիբերոլորտի» գործառնական ռիսկերը։ Բլոկչեյն տեխնոլոգիայի անանունությունը և անշրջելիությունը, օրինակ, կարող են շահագործվել զեղծարարների կողմից: Թեև հստակ չէ, որ CBDC-ները կօգտագործեն բլոկչեյն տեխնոլոգիան:

Իսկ ըստ վիճակագրության՝ վերջին մի քանի տարիներին հաքերները ավելի են կատարելագործվել: Դանիայի կենտրոնական բանկը, օրինակ, հարձակման է ենթարկվել 2020թ. վերջին SolarWinds գործողության շրջանակներում:

Թվային արժույթի ներհոսքը կամ նվազումը կարող է ազդել իրական արժույթի արժեքի վրա, ազդեցություն ունենալ սպառողների վրա գնաճի միջոցով և հանգեցնել ընկերությունների համար դրամական կորուստների: Նման խախտումները կարող են աղետալի լինել և հանգեցնել երկրի ողջ տնտեսության կործանմանը: Իհարկե, այսպիսի հարձակումը չափազանց առաջադեմ կլիներ նույնիսկ ամենատաղանդավոր հանցավոր խմբերի համար, սակայն սպառնալիքը չի կարելի անտեսել:

Բանկերը ամեն տարի միլիոններ, եթե ոչ միլիարդներ են ներդնում իրենց տվյալների բազաները և ՏՏ ենթակառուցվածքը պաշտպանելու համար: Թեև բանկերը ծանոթ են տեղեկատվական անվտանգությանը, թվային ակտիվների պահպանումը պահանջում է միանգամայն այլ մոտեցում: Եվ եթե ​​նրանք որոշեն օգտագործել բլոկչեյնը, ապա պետք է հաշվի առնեն, որ գոյություն ունեցող բանկային համակարգերը պետք է հարմարեցնել բլոկչեյն կառավարմանը և կոնսենսուսի մեխանիզմներին:

Կառավարություններին առաջարկվում է գտնել «ինտերնետից անկախ» լուծում՝ CBDC-ների թողարկման, պահառության և շղթայական հաշվարկների իրականացման ժամանակ անձնական բանալիները պահելու և կառավարելու համար:

 

Share This Article