Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում. նախագիծ

1 Min Read

Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով  հիվանդանալու դեպքում դիմում և ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետև` առողջության բարելավման դեպքում,   հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային  համակարգում:

Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախաձեռնության  ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց` որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու անհրաժեշտությամբ:

Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ ստացված 3 առաջարկներն ընդունվել են:

Նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` հունիսի 11-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Share This Article