Հայ ժողովուրդը շարունակում է իր ընթացքը՝ զիջելով թշնամուն իր բնօրրանի տարբեր անկյուններ։ Այս գործընթացը հայերի համար կարծես չի կանգնում։ Հավանաբար այս վիճակի պատճառները խորքային են և դրանց հիմքում ընկած են տարբեր գործոններ, որոնք իրենց ազդեցությամբ անընդհատ ստիպում են, որ հայերը պարտվեն ցանկացած աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նույնը տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Արյան գնով 30 տարի պահված հողերի մի զգալի մաս հանձնվեց առանց նույնիսկ մեկ կրակոցի, այն բանից հետո, երբ Հայաստանը 44-օրյա պատերազմում ծանր պարտություն կրեց։ Արդյունքում ունեցանք մեծ թվով զոհեր, տարածքային մեծ կորուստներ և Արցախի կասկածելի ներկա և ապագա։
Այս ամենով հանդերձ` դեռևս չենք պատկերացնում ինչ է կորցրել Հայաստանը և, հատկապես Արցախը։ Դրա համար կարելի է որոշակի համեմատություններ անցկացնել, որպեսզի հասկանալի լինի․
Գծապատկեր 1․ Արցախի նախկին և ներկայիս տարածքները
Պատկերացրեք մեր՝ հայերիս, տիրապետության տակ ավելի քան 30 տարի եղել է Արցախ՝ 11, 803․4 կմ2 տարածքով, սակայն պատերազմի արդյունքում Արցախը կորցրել է իր տարածքների գրեթե 56 %-ը։ Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ մինչև պատերազմ Արցախի տարածքը կազմում էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, իսկ ներկայումս՝ 22 %-ը։ Դա համարժեք է Հայաստանի՝ Արարատի և Սյունիքի մարզերի տարածքներին իրար հետ վերցրած։ Կորցնելով այս ծավալների տարածքներ բնական է, որ զրկվել ենք բոլոր օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների և այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից օգտվելու հնարավորությունից։ Նկատենք, որ Արցախն ուներ բավականին ուժեղ գյուղատնտեսություն և Հայաստան էր արտահանվում մեծ ծավալների գյուղատնտեսական արտադրանք։ Արցախը տիրապետում էր մեծաթիվ անտառների, որոնց մի մասը անցել են թշնամուն։ Դեռևս պատերազմից առաջ անտառածածկ էր Արցախի տարածքի 40%-ը, այն պարագայում, երբ Հայաստանի տարածքների միայն 10%-ն էր անտառածածկ։
Եզրափակելով կարող ենք փաստել, որ Արցախը չափազանց մեծ և էական գործոն էր ՀՀ տնտեսության համար։ Ինքնին Արցախի տարածքների կորուստը երկարաժամկետ հեռանկարներում միշտ զգացնել է տալու թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին՝ չհաշված հազարավոր երիտասարդների կյանքերը, որոնք խլվեցին մի պարտության համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում