Կստեղծվի Կաթ արտադրողների միություն. առաջարկն ընդունվել է

1 Min Read

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք և այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջև ծառացած խնդիրները» թեմայով: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ:

Հյուրերը եկել էին առաջարկներով. Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը միության անունից առաջարկել է ստեղծել Կաթ արտադրողների միություն, որում ներգրավված կլինեն կաթ արտադրող-մատակարարող մասնագետներ: Առաջարկն ընդունվել է:

Մինչ միության ստեղծումը՝ կգործի աշխատանքային խումբ-հանձնաժողով, որը կզբաղվի միության ստեղծման աշխատանքներով:

Կաթ արտադրողների միության ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվելիք աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մասնավոր, հասարակական, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պանրագործների միության, «Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության, մասնավոր ձեռնարկությունների տնօրեններ, ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են կաթի իրացման խնդիրների, գնի, կաթի որակի և քանակի, կովերի ցեղատեսակների հետ կապված հարցեր, ընդգծել, որ խնդիրները նոր չեն, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստացել, թեև պարբերաբար բարձրաձայնվել են:

Share This Article