Սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Շիրինյան

2 Min Read

Այս պահին ինքներս սերիալներ գրեթե չենք արտադրում: Միայն մանկապատանեկան թեմայով սերիալ է եղել, և կարիք ունենք, որպեսզի ՀՀ-ում գործող ֆիլմարտադրող, կինոարտադրող ընկերությունները նույնպես լծված լինեն այս գործին:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

Ըստ Շիրինյանի՝ խնդիրը հին է և բազային: Կարծում է՝ Հանրային հեռուստաընկերությունը պիտի՛ կարողանա արտադրել այս բովանդակությամբ սերիալներ ու գեղարվեստական ֆիլմեր, բայց դրա համար չկա ֆինանսական հնարավորություն:

«Պարզ ասեմ՝ Հայաստանում սերիալ նկարել չենք կարողանում: Մենք գրեթե չունենք հաջողված փորձ: Մեկ-երկու կիսահաջողված փորձ կարող ենք նշել, բայց սա խնդիր է ՀՀ-ի համար, և սա վաղուցվա խնդիր է, և սա միայն Հանրային հեռուստաընկերությունը չի կարող [խնդիրը լուծել]: Որևէ սերիալ արտադրելու համար մեզանից գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը: Նկատի ունեմ այն ամենապարզ, նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են որակյալ սերիալ նկարահանելու համար»,- ասել է նա:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը արձագանքել է՝ նշելով, որ կրթական ու ոչ կրթական թեմաներով բովանդակություն Հանրային հեռուստաընկերությունում կա, և հիշեցրել «Չորս երազանք» հեռուստասերիալի մասին:

«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ պարտավորություններ, և այդ պարտավորությունները մենք փորձում ենք պահել: Եթե կա մի բան, որ կիսատ է արվում, գուցե պետք է քննարկել նաև որոշումներում և օրենքներում փոփոխություններ անելու հարցը»,- նշել է նա:

Share This Article