Ռուսաստանի Կենտրոնական բանկը կիբերվարժանքներ կանցկացնի ԵԱՏՄ երկրների հետ․ Հայաստանը ևս ընդգրկված է

2 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է կիբերվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն՝ հղում կատարելով ՌԴ Կենտրոնական բանկի նյութերին։

«Նախատեսվում է կիբերվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ 2024-2025 թվականներին, որոնց ընթացքում կզարգացվի փոխգործակցությունը, այդ թվում՝ տարբեր վճարային գործիքների միջոցով իրականացվող չարտոնված անդրսահմանային գործարքների ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արդյո՞ք Հայաստանի Կենտրոնական բանկը ստացել է հրավեր ու պատրաստվում է մասնակցել վարժանքներին։ BanksNews.am-ի հարցին ի պատասխան ՀՀ Կենտրոնական բանկից հայտնեցին․

«Կենտրոնական բանկը մշտապես համագործակցում է մյուս երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ կենտրոնական բանկերի հետ, կարողությունների ձևավորման և զարգացման առումով: Կիբեռանվտանգությունը շատ կարևոր ուղղություն է գլոբալ առումով, և Կենտրոնական բանկը խիստ կարևորում է այդ ոլորտում սեփական կարողությունների զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում առկա է համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություն, ինչի մանրամասները կճշգրտվեն հետագայում` տեղի, բովանդակության, ժամկետների և մնացած այլ հարցերի հստակեցումից հետո»։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նաև հայտարարել է, որ 2024 թվականին նախատեսվում են կիբերվարժանքներ անցկացնել ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) ազգային բանկերի գործընկերների հետ։ 2023 թվականին նախապատրաստվել են միջոցառման պլանն ու սցենարը, և մասնակիցներին ուղարկվել են համապատասխան հարցաթերթիկներ։

Նշվում է, որ ՌԴ Կենտրոնական բանկը BRICS-ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ երկկողմ համագործակցության շրջանակում ուսումնասիրում է իր գործընկերների բացառիկ փորձը խարդախության դեմ պայքարի հարցում։

«Համատեղ գործողություններ են իրականացվում ֆինանսական կիբեր գրագիտության բարելավման ուղղությամբ, մշակվում են մոտեցումներ՝ առանց հաճախորդների համաձայնության գործարքների թիվը նվազեցնելու, վարկային խարդախությունների դեմն առնելու», –

ասվում է հաղորդագրությունում։

 

TAGGED:
Share This Article