ԻՐԱՐԱՆՑՈՒՄ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Իրավիճակն աշխարհում շարունակվում է լարված մնալ: Կարծում ենք, որ այս գերլարվածությունը չի թուլանա, քանի դեռ շարունակվում է ռուսական հատուկ գործողությունը Ուկրաինայում:

Մինչ այդ, գերտերությունների այս առճակատումը գնալով ավելի նոր երանգներ է ստանում: Եվրոպան և կոլեկտիվ Արևմուտքն ընդհանուր առմամբ կորցնում են բոլոր իրենց սկզբունքները՝ արգելելով ռուսների մուտքն իրենց սահմաններից ներս և կիրառելով նորանոր պատժամիջոցներ, որոնք ոչ այնքան հարվածելու են պուտինյան ռեժիմին, որքան ռուս ժողովրդին:

Այս քաղաքականությունը հատկապես վտանգավոր փոփոխություններ է առաջացնում սովորական մարդկանց ենթագիտակցության մեջ՝ երկուստեք սերմանելով ատելություն:

Աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես Եվրամիությունում զարգանում են խուճապային տրամադրությունները.

Գծապատկեր 1. Եվրոպացիները տրամադրությունները մեկ նկարում

Եվրոպայում տիրող իրավիճակի և առկա տրամադրությունների մասին է խոսում ֆրանսիական հայտնի «Charlie Hebdo» ամսագրի շապիկի այս նկարը:  Պատկերված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հավաքած փայտը տանում է Ելիսեյան պալատ՝ «Ով հասցնի, նա էլ կուտի» բառերը արտաբերելով:

Այս տրամադրություններն էլ ավելի են սրում ճգնաժամը Եվրոպայում, որը դեռևս արտահայտվում է տարբեր ապրանքների և ծառայությունների գների կայծակնային աճով.

Գծապատկեր 2. Տարեկան գնաճը Եվրամիությունում և Եվրոգոտում՝ 2021թ-ի հուլիս և 2022թ-ի փետրվար-հուլիս ամիսներին

Պարզվում է՝ Եվրամիությունում և Եվրոգոտում տնտեսությունները տարբեր կերպ են արձագանքում ստեղծված շոկերին: Հիշեցնենք, որ Եվրոգոտին իրենից ներկայացնում է Եվրամիության 19 երկրի կամ Եվրամիության երկրների 68%-ի միավորում՝ միասնական արժույթի՝ եվրոյի տիրույթում: Վիճակագրական տվյալները փաստում են, որ, օրինակ, 2022թ-ի հուլիսին  Եվրամիությունում գնաճը հասել է 9.8%, իսկ Եվրոգոտում՝ 8.6% մակարդակին: Տարբերությունը կազմում է շուրջ 1.2 տոկոսային կետ:

Նկատենք նաև, որ դեռևս մեկ տարի առաջ 2021 թ-ի հուլիսին գնաճը Եվրամիությունում կազմում էր 2.5%, իսկ Եվրոգոտում՝ 2.2%: Տեսնում ենք, թե գնաճն ինչ տեմպով է ավելացել:

Այս գնաճի մեջ շատ հետաքրքիր է հասկանալ՝ ինչ դերակատարում է ունեցել էլեկտրաէներգիայի գների աճի.

Գծապատկեր 3. Եվրոգոտիում արձանագրված գնաճի մեջ էլեկտրաէներգիայի գների աճի մասնաբաժինը՝ 2021թ-ի հուլիս և 2022թ-ի փետրվար-հուլիս ամիսներին

Ինչպես նկատում ենք, Եվրոգոտում, որտեղ գնաճը հարաբերականորեն ավելի ցածր է, քան Եվրամիությունում էլեկտրաէներգիայի գնաճի մասնաբաժինը, օրինակ 2022թ-ի հուլիսի գնաճում կազմել է 45%, այն պարագայում, երբ դեռևս 2021թ-ի հուլիսին գտնվում էր 61% մակարդակում:

Եվրոգոտում Էլեկտրաէներգիայի գների աճի դինամիկային կարող ենք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 4. Եվրոգոտում արձանագրված Էլեկտրաէներգիայի գների աճը՝ 2021թ-ի հուլիս և 2022թ-ի փետրվար-հուլիս ամիսներին

Ռուսաստանից ներմուծվող նավթի, գազի և էլեկտրաէներգիայի վրա դրված սահմանափակումները, առանց այլընտրանքային վառելիքաէներգետիկ ռեսուրսների ապահովման, օբյեկտիվորեն հանգեցրին էլեկտրաէներգիայի գների կայծակնային աճին: Դեռևս 2021թ-ի հուլիսին էլեկտրաէներգիայի գների աճը կազմում էր 0.9%, սակայն արդեն 2022թ-ի հուլիսին էլեկտրաէներգիայի գներն աճել են 5.4%-ով:

Share This Article
2 Comments