Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:
Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։ Անցակետի հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Այստեղ կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգված ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում