Շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացվի 10 կրթահամալիր կառուցելու համար

2 Min Read

Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։

Կառավարության նիստին նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները»,- ասել է Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում, Միխայլովկա, Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։

«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի, ինչպես նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերի շրջանակներում»,- նշել է նա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ դպրոցների հիմնանորոգումների փաթեթ է պատրաստվում, որում ներառված են 80-ականներից հետո կառուցված դպրոցները: Վերջիններս շենքային գնահատման պայմանների տեսանկյունից համարվում են բավարար:

Ըստ փոխվարչապետի՝ այդ կառույցներում նախատեսվում է լուծել ջերմակայունությանը, սանիտարական պայմաններին, նորացման-թարմացմանն առնչվող խնդիրները:

«Այս ամռանն արդեն առնվազն 50 դպրոցների փաթեթ կունենանք, և դրանք նույնպես կբերենք Կառավարության հաստատմանը: Մեր պլանն է՝ այս երկրորդ խումբն առնվազն 150-ի հասցնել: Առանձնահատկությունն այն է, որ այս 50-ի օրինակով կփորձարկենք, կհասկանանք՝ ինչ եղանակով ենք մենք առանձնացնում, ընդհանուր մոտեցումներ կամրագրենք, և արդեն հաջորդ տարվա ընթացքում կշարունակեք մյուս 100-ը»,- ասել է  Խաչատրյանը:

Share This Article