Պարզ է, որ տեխնոլոգիական զարգացման նոր դարաշրջանում պետք է տեղի ունենա աշխարհի տնտեսության համապատասխան բաշխում։ Դա, սակայն, բնորոշ չի եղել միայն տեխնոլոգիական զարգացման ժամանակահատվածին. համաշխարհային տնտեսությունում տվյալ ժամանակի փոփոխությունների համատեքստում միշտ էլ վերադասավորումներ են տեղի ունեցել։
Աշխարհի խոշոր տնտեսությունները` ըստ անվանական ՀՆԱ-ի ծավալների (մլրդ ԱՄՆ դոլար)
Այս առումով որպես աշխարհի առաջատար տնտեսություններ` առանձնացվում են 6-ը՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան, որոնց ՀՆԱ-ի մասնաբաժինները համաշխարհային ՀՆԱ-ում ժամանակի ընթացքում ունեցել են փոփոխության հետևյալ դինամիկան․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ՀՆԱ-ն 2002-2011թթ. որոշակի չափով կրճատել է իր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում` 2011թ-ին հասնելով 21,1% մակարդակին, սակայն այնուհետև նկատվում է մասնաբաժնի աճ, որը 2024թ. կանխատեսվում է 26,3% մակարդակում։
ԵՄ ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում սկսվում է կրճատվել, երբ իր մասնաբաժինը սկսում է մեծացնել Չինաստանը։ Կար ժամանակ, որ Ճապոնիան աշխարհի երկրորդ տնտեսությունն էր ԱՄՆ-ից հետո, սակայն ճապոնական տնտեսությունում դիտվող ստագնացիան (լճացում) և բնակչության ծերացումը հանգեցրին Ճապոնիայի մասնաբաժնի կրճատման։
Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիան, որը համարվում էր գաղութատեր երկիր, կորցրել է իր դիրքերը, այն պարագայում, երբ նախկին գաղութը՝ Հնդկաստանը, վերջին տարիներին հասցրել է ավելացնել իր ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում։
Այսպես, կանխատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում 2024թ.-ին կազմելու է ընդամենը 3,2%, այն դեպքում, երբ Հնդկաստանն ապահովելու է 3,6% մակարդակ։ Չնայած Հնդկաստանի տնտեսության զգալի տեղաշարժերին` պլանավորվում է, որ Չինաստանի տնտեսության մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում 2024թ.-ին պահպանելու է 2023թ. միտումը 16,9% մակարդակում։
Թե՛ Հնդկաստանը, թե՛ Չինաստանը Ասիայի խոշոր տնտեսություններն են բնակչության թվաքանակի ամենաբարձր մակարդակներով, ինչպես նաև համարվում են միջուկային գերտերություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում