Փաշինյանը տուն չունի․ որքա՞ն աշխատավարձ է ստացել վարչապետը 1 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 16․7 մլն դրամ աշխատավարձ, որը 2022թ. համեմատ ավելի է 4․8 մլն դրամով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Թեև այս պահին՝ մայիսի 14-ի 10:00-ի դրությամբ, կայքի հայտարարագրերի ռեեստրում բացակայում են հայտարարատու պաշտոնատար անձանց տվյալները, այդ թվում և՝ Նիկոլ Փաշինյանինը:

Այս տարի բացակայում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարագիրը։ Նիկոլ Փաշինյանի հետ անցած տարի բնակվել են կինը և դուստրերը, իսկ որդին փոխել է բնակության վայրը և 2023 թ. հայտարարագրում այլևս «ընտանիքի անդամների մասին տվյալների» բաժնում չի ներկայացրել հայտարարագիր։

ՀՀ վարչապետը, ըստ ներկայացված հայտարարագրի, որևէ անշարժ գույք չունի։

Փաշինյանը 3 մլն 426 հազար դրամ ավանդ է հայտարարագրել, բանկային հաշիվների վրա շուրջ 830 հազար դրամ գումար ունի։ Բացի այդ  2023թ. հայտարարագրում էլ նրա բանկային հաշիվների մեջ 1 տողի տվյալներն ամբողջությամբ պաշտպանված են, այսինքն՝ փակ են։ Որպես կանխիկ՝ վարչապետը հայտարարագրել է 800 դոլար և 950 հազար դրամ։

Փաշինյանը «Անտարես հոլդինգ» ընկերությունից, որպես հեղինակային վարձատրություն, ստացել է 121 հազար դրամ։

Վարչապետն անցած տարի Հայէկոնոմբանկից ստացել է 1 մլն 335 հազար դրամ վարկ և մոտ 10 հազար եվրո ու 411 հազար դրամ այլ եկամուտ։ 2023 թ-ին նա վճարել է 11 հազար 126 եվրո և 4․7 մլն դրամ՝ որպես ուսման վարձ։

Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ «Մեր տպարանը» ՍՊԸ-ում։

Իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարագրել է 2 անշարժ գույք․ բնակարան Շենգավիթում և 4/9 բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, 3 ավտոմեքենա՝ RENAULT, VAZ, NISSAN մակնիշի։ Վարչապետի կինը բանկային հաշիվների վրա գումար չունի, ոչ էլ կանխիկ գումար։

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի բանկային հաշիվներում գումար չկա, նա նաև կանխիկ դրամ չի հայտարարագրել։ Այնուամենայնիվ, նա 2023թ. ստացել է շուրջ 11․5 մլն դրամ եկամուտ։ Դրանից 10․7 մլն դրամը աշխատավարձն է «Դիջիթեյն» ընկերությունից, ևս 217 հազար դրամ աշխատավարձ՝ «Սթեփ քընսալթինգ» ընկերությունից։

Մարիամ Փաշինյանն անցած տարի ստացել է 2 վարկ՝ 110 հազար 994 դրամ Ամերիաբանկից, և 445 հազար դրամ՝ Հայէկոնոմբանկից։ Հանգստի համար վարչապետի դուստրը ծախսել է 3․1 մլն դրամ։

TAGGED:
Share This Article