Նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը. Թունյան

2 Min Read

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի խոսքով՝ ինքը և իր գործընկերը ներկայացրել են մի օրենքի նախագիծ, որով մի փոքր լրացում է կատարվում Հարկային օրենսգրքում, որը մի փոքր կհեշտացնի մեր այն հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը, որոնք հատկապես մեքենա են վարում, խոսքը տեխզննման և գույքահարկի գործընթացի մասին է:

Թունյանը հայտնել է, որ կա օրենքի պահանջ, որի համաձայն՝ քաղաքացին գույքահարկի գծով իր պարտքերը պետք է վճարի, որից հետո նրան թույլատրվում է տեխզննման պրոցեսը անցնել:

«Հասկանալի է, որ այս երկու պրոցեսները տարբեր են, պարզապես ժամանակին այս երկու գործառույթը կապել են իրար, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով իրենց հավաքագրումներն ամբողջ ծավալով իրականացնել: Սակայն այստեղ, մեր կարծիքով, կա անարդար դրույթ, որովհետև մի կողմից՝ գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, բայց երբ, օրինակ, քաղաքացին իր մեքենան տանում է տեխզննման, ենթադրենք, հունվարին կամ փետրվարին, իրեն ստիպում են վճարել տվյալ տարվա գույքահարկն ամբողջությամբ: Դրա համար մենք օրենքով առաջարկում ենք, որպեսզի պարտադիր լինի վճարել նախորդ տարվա պարտքը, ոչ թե ընթացիկ տարվանը, որովհետև եթե համայնքներն ունեն ֆինանսների խնդիր և ցանկանում են իրենց գումարները հնարավորինս արագ հավաքել և տնօրինել, քաղաքացները նույնպես ունեն այդ գումարների կարիքը»,- պարզաբանել է Թունյանը:  

Նա նաև տեղեկացրել է, որ կառավարության իրենց գործընկերներն առաջարկել են դիտարկել այն  տարբերակը, որ վճարվի ոչ թե նախորդ տարվա պարտքը, այլ տվյալ պահի դրությամբ, կամ գույքահարկը վճարվի ոչ թե տարեկան, այլ ամսական կտրվածքով:

Թունյանի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից, որպեսզի համայնքները հնարավորություն ունենան իրենց գալիք տարվա բյուջեները պլանավորել:

Share This Article