Հարկադիրը պահում է թոշակները․ դա անընդունելի է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձի, պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելուն, պարտապան-ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքներ նախատեսելու, ինչպես նաև կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է 200 հազար դրամ և ավելի բռնագանձնման պահանջով վարույթներով նախատեսել հնարավորություն՝ պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի վրա, եթե չկան բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ և եթե պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը 6 ամսվա ընթացքում մարելու համար:

«Չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարևորությունը՝ նշված կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ օրենսդրական հիմք է ստեղծվում եկամուտների վրա բռնագանձում տարածելով՝ պարտապանի գույքի հարկադիր իրացման գործողությունները չկատարելու համար:  Հաջորդիվ, առաջարկվում է սահմանել, որ պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը պակաս չպետք է լինի օրենքոով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, բացառությամբ ալիմենտի, առողջությանը, կերակրողի մահվան պատճառված վնասը, ինչպես նաև հանցագործության պատճառված վնասը հատուցելու պարտավորությունների կատարման վարույթների, իսկ պարտապանի կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ Կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից: Այս կարգավորումը ևս լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում»,- ասել է արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: 

Հարակից զեկուցող, պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը կոչված է հստակ բալանսավորում մտցնել պարտապանի և պարտատիրոջ հարաբերությունների միջև՝ կապված Հարկադիր կատարման ծառայության գործողությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

TAGGED:
Share This Article