Ռիչարդ Դոնչյան. Համիդյան ջարդերից փրկված ընտանիքի զավակն ու արժեթղթերի շուկայի նորարարը

3 Min Read

«Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ ինձ մաթեմատիկական բարդ հավասարում, որն ունակ է կանխագուշակելու՝ շուկայի միտումն աճո՞ղ է, նվազո՞ղ, թե՞ հորիզոնական»։

Ռիչարդ Դոնչյանի ծնողները՝ Սամվել Դոնչյանը և Արմենուհի Դավուդը դեռ 1880-ականների համիդյան ջարդերի հետևանքով արտագաղթել էին Միացյալ Նահանգներ, Հարթֆորդ քաղաք, որտեղ էլ 1905 թվականի սեպտեմբերին ծնվել  է Ուոլ Սթրիթի ապագա լեգենդներից մեկը։

Ռիչարդ Դոնչյանը նախ սովորել է Հարթֆորդի տեղական դպրոցում, ապա ուսուցումը շարունակել է Յելի համալսարանում, որտեղ էլ ստացել է տնտեսագետի կոչում։ Ընտանեկան բիզնեսից զատ Դոնչյանը դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրված էր արժեթղթերի շուկայով։ Երիտասարդի առաջին փորձերը արժեթղթերի շուկայում պսակվում են փոքրիկ հաջողություններով, մինչև որ վերջինս կորցնում է գրեթե ողջ կարողությունը 1929 թվականի Մեծ դեպրեսիայի գնանկումների ժամանակ, որն էլ առիթ է հանդիսանում ավելի խորը ուսումնասիրել արժեթղթերի շուկայում գնի շարժը։

Դոնչյանի վրա մեծ ազդեցություն է թողել հաջողակ թրեյդեր Ջեյսի Լիվերմորը, ով ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկն էր։

Դոնչյանն իր Ուոլ Սթրիթի կարիերան սկսում է 1930 թվականին, երբ մի շարք ֆինանսական ընկերությունների ներկայացնում է «Արժեթղթերի պիլոտ» աշխատությունը։ Իսկ արդեն 1933 թվականին Hemphill, Noyes & Co-ում ստանձնում է արժեթղթերի գլխավոր վերլուծաբանի պաշտոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ստիպում է Դոնչյանին դադար վերցնել և վերջինս անդամագրվում է ԱՄՆ Ռազմաօդային ուժերին, որպես վիճակագրության մասնագետ։ Երկրորդ համաշխարհայինից հետո Դոնչյանը ինքնուրույն զբաղվում է արժեթղթերի շուկայի վերլուծություններով և խորհրդատվությամբ՝ մինչև 1960 թվականը։

Դոնչյանի կարիերայի բեկումնային փուլը գրանցվում է 1948 թվականին, երբ վերջինս սկսում է խորապես ուսումնասիրել տեխնիկական վերլուծությունը։ Դոնչյանը հայտանբերում է «Թրենդի հետապնդման» իր մոդելը, որը հիմնված է լինում տեխնիկամաթեմատիկական տվյալների և շարժի միջինացման վրա։ Աշխատության արդյունավետությունն այնքան բարձր է գնահատվում, որ մի շարք հոդվածներ հրապարակելուց հետո Դոնչյանին անվանում են «Թրենդին հետևելու հայրը» (The father of trend following)։ Ավելի ուշ Դոնչյանը հայտարարում է, թե զարմացած է՝ ինչպե՞ս է հնարավոր առանց տեխնիկական տարրերի լայն կիրառման շուկայում արդյունավետ առևտուր իրականացնել։

1960 թվականին Հայդեն Սթոնում Դոնչյանը նշանակվում է Ապրանքահումքային ակտիվների հետազոտությունների գծով տնօրեն։ Ավելի ուշ Դոնչիանը ստանձնում է Շեյրսոն Լեհման Բրադերսի փոխնախագահի պաշտոնը։

Լեգենդար թրեյդերի աշխատություններն ու ուսումնասիրությունները անգնահատելի արժեք են մնացել արժեթղթերի շուկայի ապագա զարգացման գործում։ Ավելի ուշ Դոնչյանի հետազոտությունները լայն կիրառություն են գտնում Լարի Ուիլիամսի, Ռիչարդ Դենիսի, Պաուլ Թուդոր Ջոնսի և շատ ու շատ այլ հայտնի ֆինանսիստների աշխատություններում։

TAGGED:
Share This Article