Դրամի արժևորումը շարունակվում է. փոխարժեքների տատանումները 2020-2024թթ. հունվար-մարտ ամիսներին. Ինֆոգրաֆիկա

3 Min Read

Հայաստանը բաց տնտեսությամբ երկիր է, որտեղ տնտեսությունը մեծ կախվածություն ունի դրամի նկատմամբ մի շարք արժույթների տատանումներից։ Ընդհանուր առմամբ, ազգային արժույթի արժևորումը պետք է հանգեցնի օտարների համար մեր արտադրանքի թանկացմանը և ներմուծված ապրանքների էժանացմանը։

Ճիշտ է նաև հակառակը։ Սակայն հաշվի առնելով, որ մեր առևտրային հաշվեկշիռն անկախությունից ի վեր միշտ անհավասարակշռվում է ներմուծման զգալի ծավալներով պայմանավորված, ներկայումս դրամի արժևորումն արտահանման ծավալների պահանջարկի վրա այդքան մեծ հետևանքներ չի ունենում։

Ինչևէ, ունենք հայրենակիցներ, ովքեր վարկեր ունեն արտարժույթով կամ գումարներ են ստանում դրսից։ Տնային տնտեսությունների զգալի մասը արտասահմանից արտարժույթով գումարներ է ստանում։ Չի կարելի մոռանալ նաև նրանց, ովքեր պատրաստվում են գնալ արտերկիր զբոսաշրջության նպատակով։ Հետևաբար, նրանց բոլորի ուշադրության կենտրոնում են փոխարժեքների տատանումները։

Այսպիսով, հասկանալով հարցի կարևորությունը, ներկայացնենք մի շարք կարևոր փոխարժեքների տատանումները 2020-2024թթ. հունվար-մարտ ամիսներին (ամսական միջին)․

ՀՀ ԿԲ տվյալները փաստում են, որ 2024թ. մարտին $1-ը միջինում արժեցել է ֏400,4։ 2024թ. հունվար-մարտ ամիսներին դրամ/դոլար փոխարժեքը միջինում նվազման միտում է ցուցաբերել։ Նման դինամիկա դիտվել է նաև 2023թ-ին, սակայն նույնը չի կարելի ասել 2020-2022թթ.-երի հունվար-մարտ ամիսների մասին։

Եվրոն ևս նվազման միտում է ցուցաբերել։ Այսպես, 2024թ. մարտին €1 -ն միջինում արժեցել է ֏435,1, իսկ դեռևս 2024թ. հունվարին՝ ֏441,4։ Այս միտումը պահպանվել է միայն 2023թ. հունվար-մարտին։

2020թ.-ին, 2022-2024թթ.-երին ռուսական ռուբլին անկման փուլում է գտնվում։ Այսպես, 2024թ. մարտին ₽1-ին միջինում արժեր ֏4,4։ 2024թ. մարտին նույն պատկերն է, իսկ 2024թ. հունվարին  ₽1-ին միջինում արժեր ֏4,5։

Դեռևս 2020թ. մարտին ₽1-ին միջինում արժեր ֏6,6։ Այս պարագայում ՌԴ-ից ներմուծվող ապրանքները պետք է որ էժանանան մեզ համար։

2024թ. հունվար-մարտ ամիսներին վրացական լարին ևս արժեզրկվել է․ 2024թ. մարտին ₾1-ին միջինում արժեր ֏149,3։ Լարիի պարագայում վերոնշյալ միտումը բնորոշ է միայն 2024թ. հունվար-մարտ ամիսներին։

Ամփոփելով` կարող ենք նկատել, որ մեզ համար կարևորություն ներկայացնող հիմնական օտարերկյա արժույթները 2024թ. հունվար-մարտ ամիսներին արժեզրկման վարքագիծ են դրսևորել։ Այստեղ հարկ է նշել, որ դրա պատճառը կարող է լինել աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրավիճակը։ Առաջին հերթին համաշխարհային տնտեսությունը չի կարողանում մարսել ռուս-ուկրաինական պատերազմը և դրա շուրջ զարգացող բացասական միտումները։ Մյուս կողմից լարվածության պահպանումն է Մերձավոր Արևելքում, որտեղ հիմնական հակամարտող կողմերից մեկը ՀՀ անմիջական հարևան Իրանն է։ Վրաստանում ևս իրավիճակը կայուն չէ։ Այստեղ ևս, ինչպես Ուկրաինայում, Հայաստանում և Մոլդովայում, տեղի է ունենում մի շարք  գերտերությունների պայքար ուժերի դասավորության տեսանկյունից։ Անհանգիստ և անկայուն են նաև Չինաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները։

TAGGED:
Share This Article