ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վերանայումը կարող է կործանարար լինել մեր տնտեսության համար. տնտեսագետ

5 Min Read

Մեր բնակչության մի ստվար զանգված չի պատկերացնում ՌԴ տնտեսության հետ մեր հարաբերությունների խորության աստիճանը։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը` անդրադառնալով ՌԴ շուկայից հրաժարվելու վերաբերյալ քննարկումներին:

Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի դերակատարումը մեր արտաքին առևտրաշրջանառությունում 30 տոկոսից գրեթե 45 տոկոսի է հասել։ Այս ֆոնին ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վերանայումը կարող է կործանարար լինել մեր տնտեսության համար,- նշում է Խաչատրյանը։

– Ինչ խոչընդոտների կարող է հանդիպել Հայաստանը ՌԴ շուկայից հրաժարվելու դեպքում:

-Ֆիզիկական ծավալները դրամական արտահայտությամբ դիտարկելուց բացի պետք է համադրել ապրանքացանկը, ի վերջո, մենք դեպի Արևմուտք վերջնական սպառման ապրանքներ գրեթե չենք մատակարարում, հիմնականում հանքանյութեր են, որոշակի չվերամշակված արտադրանք, իսկ այն ապրանքները, որոնք պատրաստի են և ավելացված արժեքը մեր երկրում է ստեղծվում, դրանք առավելապես ԵԱՏՄ կամ նախկին ԽՍՀՄ տարածքում ենք կարողանում իրացնել։ Հետևաբար, միանշանակ կարող ենք պնդել, որ ոչ հիմա, ոչ էլ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի տարիների ընթացքում մեր տնտեսությունը պատրաստ չի լինի եվրոպական շուկաներ մուտք գործել։ Ժամանակ է պետք, որպեսզի այս ամենին պատրաստվենք։

-Եվրամիության պաշտոնյաներից պարբերաբար հնչում են Հայաստանին ու հայկական բիզնեսին տրվող դրամական աջակցության մասին, որպեսզի մեր բիզնեսը կարողանա հարմարվել ԵՄ շուկայի ստանդարտներին: Արդյոք սա բավարար է հնարավոր ցնցումներին դիմակայելու համար:

-Բացի հայտարարություններից, կարևոր է հասկանալ՝ Եվրամիության տարածքում մեր գյուղմթերքը կամ վերամշակված արտադրանքը որքանով է սպասված, մրցունակ։ Ողջունելի են բոլոր այն գաղափարները, որ մենք հետզհետե պատրաստ լինենք էլ ավելի որակյալ և բարձր ստանդարտներին համապատասխան արտադրանք թողարկելուն, բայց պետք է նաև օբյեկտիվ գտնվենք և հասկանանք՝ վերջին հինգ տարիներին արդյոք այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկվել է։ Եթե ոչ, ապա ի՞նչն է մեզ հիմք տալիս ենթադրելու, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մենք կարողանալու ենք արմատապես փոխել մեր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքը։ Ի վերջո, տնտեսությունը նմանատիպ շոկերին հեշտ չի ադապտացվում։ Տնտեսական այս պրոցեսները որոշակի իներցիոն զարգացում են ենթադրում և մեկ օրում կամ մեկ տարում անհնար է վերանայել ոլորտների համասնությունը, վերադասավորել ապրանքային շուկաները։ Նույն եվրոպական շուկաներ որևէ ոլորտի արտադրանքի մուտք գործելու համար, եթե անգամ որակական ստանդարտը բավարարենք, ժամանակ է պետք, որպեսզի մեր արտադրողը դիրքավորվի այնտեղ և որոշակի մասնաբաժին ստանա։ Անգամ քաղաքական հայտարարությունները և կամքի առկայությունը դեռևս բավարար չեն, որպեսզի այդ գործընթացները տեղի ունենան։ Ի վերջո, մենք գործ ունենք երկու սուբյեկտների հետ, մի կողմից մեր արտադրողներն են, մյուս կողմից՝ այնտեղի միջնորդները կամ սպառողը։ Հետևապես, որպեսզի այդ տնտեսական խաղացողները կարողանան իրար հետ փոխահարաբերվել, այստեղ իմպերատիվ կառավարությունների կամ պետական գերատեսչությունների ստիպողական կամ խթանողական քաղաքականությունը գուցե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, այստեղ կարևոր է գին-որակ հարաբերակցության, մեր արտադրանքի ճանաչելիության մասով որոշակի աշխատանք տարվի։

-ԵՄ-ից 550 մլն ՓՄՁ-ներից արդեն տվել են, դեռ էլի գումարներ են խոստացել, դրանք բավարա՞ր չեն լինի մեղմելու վնասը։

-Միայն ՌԴ-ից դեպի մեր տնտեսություն մասնավոր տրանսֆերների տեսքով նշված գումարից երկուսուկես անգամ ավելի գումար է ամեն տարի մտնում, եթե դրան գումարենք ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունները, այն մարդկանց քանակը, ովքեր այնտեղ աշխատում են, արդեն, մոտավորապես, ակնհայտ է, որ այն օգնությունը, որը 3-4 տարվա մեջ պետք է տրամադրվի, որևէ կերպ համեմատելի չէ այն ծավալների հետ, որոնք մենք ուղղակի առևտրատնտեսական հարաբերությունների միջոցով ստանում ենք։

– Լարսի անցակետը պարբերաբար փակվում է բեռնատարների համար եղանակային պայմանների պատճառով: Սա որքանո՞վ է անդրադառնում մեր արտահանողների ու ներմուծողների աշխատանքի վրա: 

-Մեր ցավոտ տեղն է, եթե քաղաքական կոմպոնենտը մի կողմ  դնենք, բնակլիմայական գործոններով պայմանավորած` մենք շատ հաճախ խնդիրներ ենք ունենում, Լարսը տարվա 5-6 ամիսների ընթացքում խնդրահարույց է, թողունակությունը չի բավարարում։ Անընդհատ դրա մասին  խոսվում է, բայց որևէ քայլ չի արվում, թեկուզ վրացիների հետ բանակցությունների առումով թողունակությունը բարձրացնելու, այլընտրանքային անցակետներ բացելու առումով։

-Ի՞նչ լոգիստիկ խնդիրների կարող ենք բախվել Եվրոպական շուկայի ճանապարհին: 

-Դեպի Եվրոպա դուրս գալը Վրաստանի միջոցով է և թանկ է։ Այս պարագայում պետք է փոքր ծավալով, բայց թանկարժեք ապրանքներ փորձենք արտահանել, բայց եթե գլոբալ նայենք, Եվրոպայում մրցունակ չենք, նման նախադեպեր բազմիցս ունեցել ենք։ Օրինակ՝ ինչպե՞ս է  Եվրոպան թողնելու է ֆրանսիական, շվեցարական պանիրների փոխարեն հայկական պանիր իրացնենք։

Անժելա Պողոսյան

 

Share This Article