ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Այս դժվարին ժամանակահատվածում կա մեծ հավանականություն, որ երկրները կգլորվեն դեպի պարտքային թակարդ, որից դուրս գալը կարող է չափազանց ցավալի հետևանքներ ունենալ: Խնդիրը նրանում է, որ գումարներ են վերցվում, սակայն տնտեսության զարգացումը գնալով ավելի է դանդաղում՝ կրելով առկա սրացող հակամարտությունների ազդեցությունը:

Մասնավորապես, Հայաստանում 2022 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ արտաքին պետական պարտքի ծավալները կազմում է 6.5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջինս 2021 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ նվազել է 2.3 %-ով:

ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալների 91.7 %-ը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ 8.3 %-ը՝ ԿԲ-ին.

Գծապատկեր 1. ՀՀ կառավարության և ԿԲ-ի արտաքին պարտքի ծավալները` 2022 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության պարտքը 2022 թ.-ի հունիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ԿԲ-ի պարտքը՝ մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար: ՀՀ կառավարության արտաքին պարտքի ծավալները 2022 թ.-ի հունիսի վերջին համեմատած 2021 թ.-ի դեկտեմբերի վերջի ծավալների հետ նվազել է  մոտ 3.8 %-ով, իսկ ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքը աճել է 18.4 %-ով:

Դիտարկենք ՀՀ կառավարության պարտքի ծավալների կառուցվածը.

Գծապատկեր 2. ՀՀ կառավարության արտաքին պարտքի ծավալների կառուցվածքը 2022 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ից, կառավարության արտաքին պարտքի ծավալների 57 %-ը պատկանում է բազմակողմանի, իսկ 15 %-ը՝ երկկողմանի վարկային ծրագրերին: 0.2 % մասնաբաժին ունեն առևտրային բանկերից ստացված վարկերի ծավալները: Այս դեպքում 2022 թ.-ի հունիսի վերջին, 2021 թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ, արձանագրվել է զգալի աճ՝ մոտ 26.2 %-ով` ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով: Վերջինիս մասնաբաժինն առևտրային բանկերից ստացված վարկերի ընդհանուր ծավալներում կազմել է 2 %:

ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքի ծավալների կառուցվածքը եղել է հետևյալը.

Գծապատկեր 3. ՀՀ ԿԲ արտաքին պարտքի ծավալների կառուցվածքը 2022 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ

ԿԲ արտաքին պարտքի ծավալների 57 %-ը պատկանում է բազմակողմանի, իսկ 43 %-ը՝ երկկողմանի վարկային ծրագրերին: Նկատենք, որ երկկողմանի վարկային ծրագրերով ձևավորված արտաքին պարտքի ծավալները, 2022 թ.-ի հունիսի վերջին դեկտեմբերի վերջի համեմատ, աճել են 52.2 %-ով:

Կիսվեք այս հոդվածով