Թրամփի մեդիա ընկերությունն իրարանցում է առաջացրել NASDAQ բորսայում

2 Min Read

Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերը DJT մակնշմամբ (Թրամփի ամբողջական անվան՝ Donald John Trump սկզբնատառերով) վաճառվում են արժեթղթերի հայտնի NASDAQ բորսայում։ ԱՄՆ նախկին նախագահին է պատկանում ընկերության բաժնետոմսերի մոտ 58%-ը։ Ըստ DJT-ի ընթացիկ գնանշումների՝ Թրամփի մասնաբաժինը ընկերությունում գնահատվում է $5,4 մլրդ:

Բորսայական սակարկությունների առաջին օրը Trump Media & Technology Group ընկերության բաժնետոմսերը, որին պատկանում է Truth կոչվող սոցիալական ցանցը, թանկացել են շուրջ 50%-ով՝ գնահատվելով $10 մլրդ վերջին 9 ամիսների առավելագույն $3 մլրդ  փոխարեն։ Արդյունքում ընկերությունն առաջ է անցել սանդղակում առաջատարներ New York Times-ից and Mattel-ից: Արժեթղթերի տեղաբաշխումը բորսայում տեղի է ունեցել ոչ թե ավանդական (IPO) եղանակով, այլ ավելի մատչելի և արագ՝ բորսայում արդեն գործող «հովանավոր» ընկերության հետ համատեղ SPAC մեթոդով։

Փորձագետները չեն բացառում, որ շատերի կողմից ծայրահեղ աջ գաղափարախոսության և ազգայնականության տարածման մեջ մեղադրվող շուրջ 600 հազար օգտատեր ունեցող Truth սոցցանցը բորսա հանելը կօգնի Դոնալդ Թրամփին բարելավել իր ֆինանսական վիճակը:


«Մենք պիտի ստիպենք Ամերիկային նորից աղոթել». Թրամփն այժմ զբաղվում է Աստվածաշնչի վաճառքով


Հիշեցնենք, որ Թրամփը $464 մլն  չափով պարտավորություն ունի դատարանին սեփական ունեցվածքի վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Պարտավորությունների չկատարման դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառել միջոցներ՝ գույքի մասամբ բռնագանձման տեսքով։ Այս կապակցությամբ ԱՄՆ ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր սնանկացումը:

 

 

 

Կիսվեք այս հոդվածով