Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ. ընդլայնվել է շահառուների շրջանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Կառավարությունն առաջարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ, այն է՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛  անչափահասներին, և՛ չափահասներին:

«Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները: Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը` մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Նաև այսօր նախագծով շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- ասել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ նախագծով նախատեսված միջոցառման շահառու չեն հանդիսանա ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թվականի 169-Լ որոշման շահառուները: Դա վերաբերում է բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին:

«Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով»,- մանրամասնել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը նաև նշեց, որ նախատեսվում են որոշ իրավակարգավորումների հստակեցում և լավարկում: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

TAGGED:
Share This Article