ՀՀ-ն վաղուց պատրաստ է ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը. Փաշինյան

2 Min Read

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում:

Kathimerini օրաթերթ – Պարոն վարչապետ, Հունաստանի հայ համայնքն ավելի քան 30 000 է, ընդ որում՝ նրանք հաջողություններ են գրանցում արվեստի, ակադեմիական ոլորտներում և նույնիսկ զբաղվում են քաղաքականությամբ: Ի՞նչ նախաձեռնություններ են քննարկվում Հայաստանի և Հունաստանի միջև միջանձնային փոխանակումների և մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավացի եք, մեր երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով, և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի:

Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։

Share This Article
Թողնել մեկնաբանություն