140 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել արդեն. Ավանեսյան

1 Min Read

Դեղատան աշխատակցի կողմից բուժառուի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը փակ է, չի կարող որևէ դեղատան աշխատակից տեսնել բուժառուի որևէ առողջական տվյալ:

Այս համակարգի շնորհիվ բժշկական գաղտնիքը շատ ավելի պաշտպանված է, քան թե առաջ թղթային տարբերակներով է եղել: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այն մտահոգությանը, թե էլեկտրանային դեղատոմս դուրս գրելու որոշմամբ պայմանավորված՝ բուժառուների հիվանդությունները կարող են հասանելի դառնալ դեղատան աշխատակիցներին:

Անդրադառնալով դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգին՝ Ավանեսյանը հավաստիացրել է, որ համակարգն աշխատում է:

«140 հազարից ավելի դեղատոմս է դուրս գրվել արդեն, և սա խոսում է այն մասին, որ գործարկման փուլը բարեհաջող անցել ենք: Իհարկե, կան որոշակի սխալ պատկերացումներ, թե ինչպես է գործելու համակարգը, որին ի պատասխան՝ մենք անընդհատ տեղեկատվական ձևով փորձում ենք բացատրություններ տալ»,- ասել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նշել է, որ ալերգիայի պարագայում որոշակի դեղամիջոցների հասանելիության խնդիր կա, սակայն Ավանեսյանը տեղեկացրել է, որ հակահիստամինային դեղամիջոցները, որոնք ուղղված են ալերգիաների բուժմանն ու կանխարգելմանը, էլեկտրոնային դեղատոմսով գնվող խմբերին չեն պատկանում, և քաղաքացիները դրանք կարող են ձեռք բերել առանց դեղատոմսի:

Share This Article