Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և փոս-տերմինալներում` բացառությամբ «ՎՏԲ Հայաստան» Բանկի ենթակառուցվածքի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն):
Այս մասին РБК-ին հայտնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչը։ Այժմ «Միր» քարտերը գործում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։
«Մարտի 30-ից օգտատերերն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել փոս-տերմինալներում և հանրապետության այլ բանկերի բանկոմատներից գումար կանխիկացնել։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի շահագործման վրա»,- ասել է «ՎՏԲ Հայաստան» բանկի ներկայացուցիչը։
««Միր» քարտերի քարտապաններին դեռևս հասանելի են հիմնական ծառայությունները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացում, առցանց բանկային ծառայությունների վճարում, առցանց գնումներ»,- պարզաբանել է բանկի ներկայացուցիչը։
Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որից 22-ը գտնվում է Երևանում։ Հաճախորդներին ամբողջ երկրում հասանելի են նաև ավելի քան 190 բանկոմատներ:
«Մենք շարունակում ենք աշխատել գործընկեր երկրների հետ՝ իրենց ենթակառուցվածքում «Միր» քարտերի ընդունման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում այդ քարտերն ընդունի, թե ոչ»,- ասել է Ռուսաստանի Բանկի ներկայացուցիչը։
Նշվում է, որ РБК-ն հարցումներ է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկին և հայաստանյան ArCa վճարային համակարգին։
2024 թվականի փետրվարին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել НСПК օպերատորի դեմ, որը համարվում է ռուսական «Միր» քարտի օպերատորը։
Սահմանափակումների ներդրման ժամանակ «Միր» քարտերը, բացի Հայաստանից, աշխատել են Ղազախստանում, Բելառուսում, Վենեսուելայում, Վիետնամում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Կուբայում։ Ավելի վաղ «Միր» քարտերի հետ աշխատանքների դադարեցման մասին հայտնել էր, օրինակ, ղազախական Bereke Bank-ը ՝ «Սբերբանկի» նախկին դուստր ձեռնարկությունը։
2016 թվականին НСПК -ի և Armenian Card-ի (հայկական ArCa վճարային համակարգի օպերատոր) միջև կնքվեց համապատասխան պայմանագիր, որի շրջանակներում հանրապետությունում սկսվեց գործակվել «Միր» վճարային քարտերը։ Արդյունքում 2017 թվականին Հայաստանում սկսեցին աշխատել «Միր» վճարային համակարգի քարտերը, և հայկական մի շարք բանկեր սկսեցին թողարկել ArCa-Mir քարտեր։ «Միր» վճարային համակարգի քարտերի թողարկում իրականացնում է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկը:
ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2023 թվականի վերջին ռուսական բանկերը թողարկել են 287.3 մլն «Միր» քարտեր։
Նշենք, որ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումից հետո Banksnews.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկին Հայաստանում ռուսական ՄԻՐ քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման վերաբերյալ, սակայն ՀՀ կենտրոնական բանկից մինչ այժմ չեն մեկնաբանում:
Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկից Banksnews.am-ի հետ զրույցում նշեցին, որ օրվա ընթացքում հարցի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում