Կարծում ենք, որ մեր ընթերցողներին կհետաքրքրի՝ գնային ինչ փոփոխություններ են արձանագրվել ՀՀ խոշոր քաղաքներում 2024թ. փետրվարին։ Այստեղ հատկապես մեծ ուշադրության են արժանի գնային տատանումները տրանսպորտի, կրթության, առողջապահության, հանգստի ու մշակույթի ոլորտներում:
Նկատենք, որ 2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ գների փոփոխությունը ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակներում.
Հիշեցնենք, որ 2024թ-ի փետրվարին 2023թ-ի փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գների անկում 1,7%-ով։ Մարզերի մի շարք խոշոր քաղաքներում ևս արձանագրվել են գնանկումներ։
Ամենամեծ գնանկումը գրանցվել է Վանաձորում՝ 2,1%-ով։ Գնանկման բարձր մակարդակներ են առկա նաև Իջևանում՝ 1,9%-ով, Երևանում՝ 1,8%-ով, Գյումրիում և Հրազդանում՝ 1,7%-ով։
Հաջորդիվ ուսումնասիրենք գնաճը ՀՀ խոշոր քաղաքների վերոնշյալ ոլորտներում.
Վիճակագրական տվյալներից տեղեկանում ենք, որ չնայած ընդհանուր գնանկմանը, գների զգալի աճ է դիտվել տրանսպորտի ոլորտում: Հանրապետությունում տրանսպորտի գների աճը 2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ կազմել է 10,4%։ Բարձր գնաճեր նկատվել են Եղեգնաձորում, Իջևանում, Արտաշատում, Աշտարակում և Վանաձորում համապատասխանաբար՝ 16,3%-ով, 14,9%-ով, 14,6%-ով, 13,1%-ով և 13%-ով:
Տրանսպորտի ոլորտում ամենացածր գնաճ արձանագրվել է Գյումրիում՝ 6%։
Առողջապահության ոլորտում կայծակնային գնաճերից հետո Աշտարակ քաղաքում դիտվել է ընդամենը 2,1% գնաճ: Աշտարակն իր դիրքերը զիջել է Կապանին, Գավառին և Վաղարշապատին, որտեղ գնաճը կազմել է համապատասխանաբար 3,9%, 3,7% և 3,3%։
Առողջապահության ոլորտում ամենամեծ գնանկումը նկատվել է Արտաշատում՝ 3,9%-ով:
2024թ-ի փետրվարին 2023թ-ի նույն ամսվա համեմատ կրթության ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Հրազդանում՝ 10.9%, և Գյումրիում՝ 10%, իսկ ամենացածրը՝ Իջևանում՝ 2%, և գների փոփոխություն չի դիտվել Կապանում:
Հանգստի և մշակույթի ոլորտում 2024թ. փետրվարին 2023թ. նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճը նկատվել է Հրազդանում՝ 5.3%, իսկ ամենացածրը՝ Աշտարակում՝ 1,4%։ Ոլորտում ամենախորը գնանկումը դիտվել է Երևանում՝ 0,7%-ով, իսկ Վանաձորում գների փոփոխություն չի դիտվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում