ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։
Արտահանումը Հայաստանից Ղազախստան 2023 թվականին կազմել է 71․3 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․8 անգամ։