Թրամփի առաջին հրամանագրերով 90 օրով դադարեցվել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ օտար պետություններին ցուցաբերվող ամերիկյան օգնության վերագնահատման և վերախմբավորման մասին, որով նախատեսվում է 90 օրով դադարեցնել դրա տրամադրումը։

Հրամանագրում ասվում է, որ տրամադրվող օգնությունը համահունչ չէ ամերիկյան շահերին, շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին և ծառայում համաշխարհային խաղաղությունն ապակայունացնելու համար:

Պարզ չէ, թե որ ոլորտների վրա կանդրադառնա հրամանագիրը, հատկապես որ շատ ծրագրերի ֆինանսավորումը Կոնգրեսն արդեն հատկացրել է կամ պարտավոր է հատկացնել: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե արդյոք հրամանագիրը վերաբերում է նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը, որն առայսօր կազմում է մոտ 66 միլիարդ դոլար:

Միջազգային օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը չի ազդում Ուկրաինային զենքի մատակարարումների վրա։ Այս մասին Պենտագոնից հաստատել են «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությանը։

«Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնությունը չի ենթարկվում արտաքին օգնության մասին վերջին հրամանագրի հետ կապված սահմանափակումների, քանի որ այն վերաբերում է միայն զարգացման ծրագրերին, այլ ոչ ռազմական օգնությանը», — ասվում է ՊՆ-ում։

Օգնության տրամադրումը կարող է վերսկսվել նշված ժամկետի ավարտից հետո՝ յուրաքանչյուր ծրագրի առանձին վերանայումից հետո։ Փաստաթղթում նշվում է, որ օտար երկրներին օգնության տրամադրման ոլորտը և դրանում տիրող բյուրոկրատիան «չեն համապատասխանում ամերիկյան շահերին և շատ առումներով հակասում են ամերիկյան արժեքներին»։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով