ՀՀ արտաքին առևտրի՝ արտահանման և ներմուծման ծավալների դիվերսիֆիկացման մասին իշխանությունը վերջերս բավականին հաճախ է խոսում: Միայն թե, դեռևս չունենալով դիվերսիֆիկացված տնտեսություն և պատշաճ պաշտպանություն, մենք արդեն իսկ սկսել ենք ապամոնտաժել հարաբերությունները աշխարհի խոշորագույն միջուկային գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի հետ։ Բացի այդ՝ շատ կարևոր է նախ հասկանալ՝ ում հետ ենք դիվերսֆիկացվում։
Փորձենք հասկանալ «թավշյա» դիվերսիֆիկացիայի ներկայիս պատկերը ներմուծման ծավալների պարագայում․
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ ներմուծումը վերջին տարիներին ենթարկվել է «լրջագույն», սակայն «թավշյա» դիվերսիֆիկացիայի։ Մասնավորապես, 2020-2023թթ. ՀՀ ներմուծման ծավալների միջինում 31,9%-ը պատկանում է Ռուսաստանին։ Վերջինիս մտերիմ դաշնակից Չինաստանի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում միջինում կազմել է 15,13%։
Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ի և Գերմանիայի մասնաբաժինները միջինում կազմել են համապատասխանաբար 3,4% և 4,7%: Ռուսաստանի մյուս դաշնակից Իրանի մասնաբաժինը 2020-2023թթ. ՀՀ ներմուծման ծավալներում միջինում կազմել է 6,7%։
Հաջորդ քայլով ուսումնասիրենք «թավշյա» դիվերսիֆիկացիայի ներկայիս պատկերը արտահանման ծավալների դեպքում․
Այստեղ նույնպես «ծանրագույն» աշխատանք է կատարվել։ Այսպես, 2020-2023թթ. ՀՀ արտահանման ծավալների միջինում 35,18%-ը պատկանել է Ռուսաստանին։ Բացի այդ՝ 2022 և 2023թթ. ՌԴ մասնաբաժինը կրկնապատկվել է։
Նկատվում է ԱՄԷ-ի ակտիվությունը, որի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում 2020-2023 թթ. միջինում կազմել է 10,65%։
Չինաստանի, Նիդերլանդերի և Իրաքի մասնաբաժինները 2020-2023թթ. ՀՀ արտահանման ծավալներում միջինում կազմել են համապատասխանաբար 9,1%, 4,3% և 4,2%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում