Փորձելու ենք գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար. Պապոյան

1 Min Read

Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, և աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից, այսինքն՝ սա փոխադարձ գործընթաց է:

Այդ մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում ՀՀ-ի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը:

Հարցին՝ լոգիստիկ առումով Հայաստանը կարո՞ղ է այլընտրանքներ գտնել, Պապոյանը պատասխանեց.

«Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է, և դա, իհարկե, օբյեկտիվորեն շատ մեծ խոչընդոտ է, բայց միևնույն ժամանակ դա մենք համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր և չենք սահմանափակում մեզ այդ սահմանափակումով, և անընդհատ ու ամենօրյա աշխատանքով ես և մեր թիմը փորձելու ենք գտնել նոր ուղիներ»:

Հարցին՝ տնտեսական համագործակցության առումով որ երկրներն են այս պահին դիտարկվում, Պապոյանը նշեց, որ բոլոր ուղղություններով պետք է ավելացնեն առևտրաշրջանառությունը:

«Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք: Եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունը ավելացնենք, ուժեղացնենք, և մենք՝ որպես պետություն, ուժեղ լինենք, պետք է մեր տնտեսությունը աշխարհի՝ հնարավորինս բոլոր անկյունների հետ տնտեսական կապեր ունենա»,- ասել է նա:

Share This Article