Ավարտական փուլում է ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները․ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը: Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և նշել, որ ավարտական փուլում է Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքներից և հույս հայտնել, որ այն կիրականացվի նաև մյուս մարզերում:

Քննարկվել են նաև վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան վստահություն հայտնել, որ այն կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Share This Article