Արտահանե՞լ, թե՞ ներմուծել. Ինչ են փաստում 2012-2023թթ. ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ամենաքննարկվող ու քննադատվող գործիչներից մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելնելով այն իրավիճակից, որ ՌԴ տնտեսությունը գտնվում է պատժամիջոցների տակ, վերջերս առաջարկեց մինչև 2030թ-ը ՌԴ ներմուծման ծավալները նվազեցնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 17%-ը։



Սա լուրջ քայլ է տնտեսության ինքնաբավության ապահովման տեսանկյունից և նման հայտարարություն անողը պետք է նաև գիտենա, որ անհրաժեշտություն կա այդ կրճատված ներմուծման ծավալները փոխարինել ներքին ռեսուրսներով։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ տնտեսությունը և դիտարկել ներմուծում/ՀՆԱ և արտահանում/ՀՆԱ ցուցանիշների դինամիկան։ Նշենք, որ, Վիճակագրական կոմիտեի համաձայն,  2023թ-ին Հայաստանի  ՀՆԱ-ն 2022թ.-ի համեմատ աճել է 8,7%-ով՝ կազմելով ֏9,5 տրլն։

2023թ-ին 2022թ․-ի համեմատ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 55,3%-ով և 40,2%-ով՝ կազմելով համապատասխանաբար ֏3,3 տրլն և ֏4,8 տրլն։

Հաջորդիվ ուսումնասիրենք արտահանում/ՀՆԱ և ներմուծում/ՀՆԱ ցուցանիշները 2012-2023թթ.:

Հաշվարկները ցույց են տալիս, որ արտահանում/ՀՆԱ և ներմուծում/ՀՆԱ ցուցանիշները առաջին հերթին մեծ շեղում ունեն։ Այն պարագայում, երբ 2023թ-ին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է 34,8% մակարդակում, ներմուծում/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 50,8% ։

Ընդ որում՝ թե՛ արտահանում/ՀՆԱ, թե՛ ներմուծում/ՀՆԱ հարաբերակցությունը 2023թ-ին հասել են իրենց առավելագույն մակարդակներին 2012-2023թթ-երի ժամանակահատվածում։ Արտահանում/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն մակարդակն արձանագրվել է 2012թ. և կազմել ընդամենը 13%։
Արտահանում/ՀՆԱ ցուցանիշի մակարդակը տարեց տարի աճման դինամիկա է ցուցաբերել։

Ներմուծում/ՀՆԱ հարաբերակցությունն ունեցել է տատանողական բնույթ։ Ցուցանիշի նվազագույն մակարդակը նկատվել է 2015թ.-ին՝ 30,7%։
Արտահանում/ՀՆԱ և ներմուծում/ՀՆԱ ցուցանիշները բավականին մոտեցել են իրար 2016թ-ին, երբ արտահանում/ՀՆԱ-ն կազմել է 17%, իսկ    ներմուծում/ՀՆԱ-ն՝ 31%։

  • Եզրափակելով՝ կարող ենք ասել, որ վերոնշյալ ցուցանիշների օպտիմալ հարաբերակցությունները պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին գործոններով։ Անշուշտ, արտահանման մեծ ծավալները ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն, սակայն հնարավորությունների շրջանակում չի կարելի կտրուկ հրաժարվել նաև ներմուծման մեծ ծավալներից։ Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա գտնել երկու կողմերի օպտիմալ տարբերակները և կառուցի սեփական տնտեսությունը՝ այդ իրողություններին համապատասխան։
TAGGED:
Share This Article