ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել

2 Min Read

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3 ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Մ․Դ․-ն, վերազանցելով իր ծառայողական լիազորությունները, «իրեն արտոնյալ զգացող» կալանավորված անձին զբոսանքից խուց տեղափոխելուց հետո տևական ժամանակ բաց է թողել վերջինիս խցի դուռը՝ մյուս խցերում պահվող ազատազրկված անձանց նկատմամբ ընդգծելով և ամրապնդելով տվյալ կալանավորված անձի «առավելությունը» և իր գործողություններով արատավորելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու հեղինակությունը։

Բացի այդ՝ Մ․Դ․-ն՝ որպես պահակետի ավագ, չի իրականացրել հսկողություն իր ծառայակիցների կողմից իրենց պարտականությունները կատարելու նկատմամբ։

Նույն բաժնի կրտսեր խմբի ծառայողներ Ս․Ս․-ն և Գ․Բ․-ն ևս ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մասնավորապես տևական ժամանակ չեն իրականացրել հսկողություն խցերում տիրող իրավիճակի նկատմամբ, չեն ստուգել խցերի դռների փականները և չեն ձեռնարկել որևէ միջոց դեպի զբոսահրապարակներ տանող դուռը փակ պահելու ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ Մ․Դ․-ի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում», իսկ Ս․Ս․-ի և Գ․Բ․-ի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։

Share This Article