«Թափանիվը շարժվել է». Ի՞նչ եղավ ԵՄ-ից Հայաստանին ուղղվող 2,6 մլրդ եվրոյի հետ և ո՞ւր ենք հասել ՍԵՊԱ-ի համաձայնագրով

4 Min Read

Հայաստանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող շուրջ 550 մլն եվրոյի ծրագրեր ունի արդեն, որոնք ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող 2,6 մլրդ-ին։


Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2021 թվականի հուլիսին հայտարարեց Հայաստանին շուրջ 2,6 մլրդ եվրո աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։ 


«550 մլն եվրոյի ծրագրեր ունենք, որոնք մեկնարկել են և գտնվում են այս կամ այն փուլում։ Մի մեծ մասը գնալու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։  Համագործակցում ենք Կենտրոնական բանկի հետ, և հույս ունենք, որ շատ արդյունավետ ու արագ տեղից կշարժվի, մեխանիզմները կան, որոնցով համավարկավորման, սուբսիդավորման մեխանիզմներն աշխատում են։ Սյունիքի մարզի կայունացման մասով կա մոտ 50-ից ավելի մլն եվրոյի ծրագրեր, որոնք մեկնարկման փուլում են։ Ես կարծում եմ՝ թափանիվը շարժվել է։ Իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի ծրագրերը շատ ավելի ծավալուն լինեին, բայց այս պահին կարող ենք նշել տարվա արդյունքով 550 մլն եվրոյին համարժեք ծրագրերի մասին»,- նշեց Գրիգորյանը։ 

Գրիգորյանը համաձայնեց դիտարկմանը, որ պետք է ավելի արագ կատարվի, բայց ընդգծեց․ խնդիրը ժամկետների մեջ տեղավորվելը չէ, այլ նպատակային և բովանդակային ներդրումներ անելը։ 

Քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ հավաքվել էին՝ քննարկելու ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցը։ 

ԵՄ-ի հետ համագործակցության «անձնագիրը» համարվող ՍԵՊԱ-ի համաձայնագրի տնտեսական բաղադրիչին առնչվող հատվածը ներկայացրեց տնտեսագետ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ բացահայտված խնդիրները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ չլուծվող խնդիրները դեռևս առկա են մնում։ 

«Էականորեն դեռևս մնում են բիզնեսին պատժելու, տուգանելու, թույլ խորհրդատվական տենդենցները պետական մարմինների կողմից, ներմուծման, արտահանման վարչարարություններ, մաքսային խրթինություններ։ Կրթական համակարգը դեռևս լիարժեք չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին։ Տարբեր գրված ռազմավարությունները հաճախ իրենց առանձին տարբերակներով այդքան էլ արդյունավետ չեն։ Պետք է հաշվի առնվեն և ռազմավարությունները գրվեն այնպես, որ առնչվեն ոչ թե կոնկրետ ոլորտին, այլ այդ ոլորտի արդյունաբերության և տնտեսության մյուս ճյուղերի հետ համագործակցության ցանցի ընդլայնմանն ուղղված միտումով»,- նշեց Մակարյանը։ 

Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսին առնչվող դրույթներին, Մակարյանը նշում է, այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված։ 

««Մտածիր փոքրերի մասին» Եվրամիության սկզբունքը ներառված է ՓՄՁ ռազմավարության մեջ և ՍԵՊԱ-ին է առնչվում, բայց փոքր և միջին ձեռնարկատիրության հանդեպ ես չէի ասի՝ լիարժեքորեն կատարվում են: Դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և դեռևս բնորոշումների մեջ առկա են թերություններ, որոնք լավ կլինի՝ վերանայվեն։ Մասնավորապես՝ սեփականաշնորհված ձեռնարկությունները, ունենալով մեծ տարածքներ, մեծ գույք, հաճախ աշխատողների թվով փոքր են, բայց իրենց մասշտաբով մնացել են մեծ, և դա երբեմն առաջացնում է թյուրըմբռնումներ, և պետական աջակցության գործիքակազմը նրանց չի հասնում»։ 

Մակարյանի հաջորդ դիտարկումները վերաբերում էին աշխատաշուկա-կրթություն կապին։ 

«Սա ամենակարևոր թեմաներից մեկն է Հայաստանի տնտեսական զարգացման, մրցունակության և արտադրողականության բարձրացման համար։ Ուսումնական հաստատությունների քանակը և շուկայի նոր պահանջներով պայմանավորված մասնագիտությունների ցանկը փոփոխվում են ժամանակի ընթացքում, բայց այդ փոփոխություններին ոչ միշտ է հասցնում կրթական համակարգն արձագանքել պատշաճ ձևով։ Այսօր աշխատաշուկայում առկա են որոշակի արգելափակման, դանդաղման տենդենցներ տնտեսության զարգացման տեսանկյունից, որովհետև առկա չեն համապատասխան մասնագետները»։ 

ՀՀ-ում բացակայում է արդյունաբերության միասնական զարգացման ինտեգրված հայեցակարգ և մոտեցում, նշում է տնտեսագետը։ Կան առանձին ռազմավարություններ, որոնք այնքան էլ համահունչ չեն մեկը մյուսին և չեն կարողանում ստեղծել լոկոմոտիվային ուժ տնտեսության մեջ։ 

«Մենք տեսնում ենք, որ Կառավարության կողմից ներդրվել են ջանքեր՝ տարբեր սուբսիդավորման, լիզինգային ծրագրեր, կան տարբեր ռազմավարություններ, բայց դրանք էական առումով չեն նպաստում մասշտաբային զարգացումներին։ Մենք այսօր մարզերում ունենք սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, և մոտ 6 մարզեր կարիք ունեն սոցիալ-տնտեսական զարգացման փաթեթային»,- նշում է Մակարյանը։

Նրա խոսքով՝ պետական մարմինների հետ երկխոսությունը գտնվում է ցածր մակարդակում։ 

«Նաև վերջին կադրային փոփոխությունները և տարբեր խնդիրները, որոնք առաջացան, ցույց են տալիս, որ այդ երկխոսությունը կարող է իրականում դրականորեն փոխել իրավիճակը՝ ներարկելով գործնական կյանքում առկա խնդիրների մասին գիտելիքներ, տեղեկություններ և հնարավորություններ ստեղծել համագործակցության համար»,- եզրափակեց Մակարյանը։ 

TAGGED:
Share This Article