ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը կդառնա պարտադիր լրացման ենթակա

1 Min Read

Ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թ. հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։ Այս մասին տեղեկանցում են Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:

«Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Համապատասխանաբար, սույն թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը։ Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագիրն ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղում կնքվելու և ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովադրին վճարման ենթակա գումարներն ստանալու լիազորություններ պարունակող՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացվելու դեպքում պայմանագրում կարող է ապահովադրի փոխարեն լրացվել նրա կողմից լիազորված անձի բանկային հաշվեհամարը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին բանկային հաշիվ չունենալու դեպքում մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում բացել բանկային հաշիվ։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում»,- նշված է հաղորդագրությունում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն