Ինչ են փաստում BOGG-ի առանցքային ցուցանիշները. Ինչպիսի ազդեցություն կունենա Ամերիաբանկի վաճառքը ՀՀ բանկային համակարգի վրա. Ինֆոգրաֆիկա

4 Min Read

ՀՀ բանկային համակարգի կայունությունը չխաթարվեց նույնիսկ թագավարակի և պատերազմի ֆոնին։ Վերջին իրադարձությունները, սակայն, հանրության լայն շրջանում շահարկումների առարկա դարձան. նախ հայտնի դարձավ, որ Արդշինբանկը կգնի Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկը, իսկ այժմ հայտնի դարձավ, որ  Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ:

Առավել քննարկվող հարցերիվ էր՝ ով է գնորդը։ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ինչպես նշված է Bank of Georgia Group PLC-ի կայքում, բանկը բրիտանական ընկերություն է, որը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հատվածում և գտնվում է FTSE-250 ինդեքսում՝ համաշխարհային և դիվերսիֆիկացված ինստիտուցիոնալ ներդրողներով:

BOGG -ն տրամադրում է նորարարական թվային բանկային և ֆինանսական լուծումներ մանրածախ հաճախորդներին, փոքր և միջին բիզնեսին,  կորպորատիվ հաճախորդների համար մշտապես ապահովում է բիզնեսի կայուն աճ և գերազանց շահութաբերություն, ինչին նպաստում են տեխնոլոգիական և վերլուծական կարողությունները, հաճախորդակենտրոնությունը, լիազորված աշխատակիցները, ինչպես նաև բրենդի գերազանց ճանաչելիությունը տեղական շուկայում:

Ցանկացած շուկայում ընդունելի են այս գործընթացները, եթե դրանք չեն խաթարում մրցակցությունը։ Այս առումով վերահսկողություն է իրականացվում ՀՀ ԿԲ-ի և ՄՊՀ-ի կողմից։ Հետաքրքիրն այն է, որ Էյչ-էս-Բի-ՍԻ-ի հեռացումից հետո, հայկական բանկային համակարգ կմտնի մեկ այլ բրիտանական ընկերություն՝ Bank of Georgia Group PLC-ն։ Վերջինիս պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկատվությունից եզրահանգում ենք, որ բանկի խոշոր սեփականատերերն են JSC Georgia Capital-ը, M&GInvestment Management Ltd-ը, BlackRock-ը,  Dimensional Fund Advisors (DFA)-ը,Vanguard-ը և այլ հեղինակավոր ընկերություններ։

Հաջորդիվ ներկայացնենք Bank of Georgia Group PLC-ի առանցքային մի շարք ֆինանսական ցուցանիշների մակարդակը՝ 2023թ-ի առաջին 9-ը ամիսների դրությամբ

Բանկի պաշտոնական կայքում տեղադրված հաշվետվությունների համաձայն՝ սեփական կապիտալի եկամտաբերությունը 2023թ-ի առաջին ինը ամիսներին կազմել է 31,1%: Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մի փոքր նվազել է, սակայն պահպանվել է բավականին բարձր դրական մեծություն։ Այս ցուցանիշը վկայում է բանկի գործունեության արդյունավետության աճի մասին։

Մյուս ցուցանիշը վարկային ռիսկի արժեքն է, որը առաջին ինը ամիսներին կազմել է 0,8%, որը նախորդ տարվա համեմատ որևէ փոփոխություն չի կրել։ Գործառնական ծախսեր/գործառնական եկամուտներ հարաբերակցությունը կազմել է 28,2%:

Վերջինս ցույց է տալիս բանկի կարողությունը կառավարելու սեփական ծախսերը և եկամուտները։ Այս ցուցանիշը, եթե կազմում է 100% և ավելի, ապա նշանակում է, որ բանկը կորուստով է աշխատում։ Մեր դեպքում 2023թ-ի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը մի փոքր նվազել է։ Եվ վերջին ցուցանիշը  կապիտալի բավարարության գործակիցն է, որը 2023թ-ի առաջին 9 ամիսներին կազմել է 18,5%, այն պարագայում, երբ նորմատիվային նվազագույն մակարդակը սահմանված է 14,7%:

Գործարքի մյուս կողմում ՀՀ լավագույն բանկերից մեկն է՝ Ամերիաբանկը։ Վերջինս իր գործունեության արդյունքում կարողացավ զգալիորեն շահել սպառողների վստահությունը՝ առաջին հերթին հանրության շրջանում ձեռք բերելով կայուն և վստահելի բանկի համբավը։ Ֆինանասկան կառույցը ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար:

Հասարակությունում քննարկվող հաջորդ կարևոր հարցերից է, թե արդյոք Ամերիաբանկի վաճառքը պայմանավորված է բանկի գործունեության հետ կապված որոշակի խնդիրներով։ Սակայն, 2023թ-ի 4-րդ եռամսյակի՝ բանկի գործունեության առանցքային ցուցանիշները լրիվ այլ բան են փաստում․

Ամերիաբանկի հաշվետվությունների համաձայն՝ Բանկի ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի ծավալները 2023թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են համապատասխանաբար՝ ֏1․4, ֏1․2 տրլն, և ֏196 մլրդ։ Վերջիններս 2022թ-ի դեկտեմբերի 31-ի համեմատ աճել են համապատասխանաբար 13%-ով, 12%-ով, և 14%-ով։ 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում բանկի շահույթի ծավալները կազմել են ֏46 մլրդ։ Վերջինս 2022թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 4%-ով։ 2023թ-ին Բանկը վճարել է մոտ ֏25 մլրդ-ի հարկեր և 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

  • Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Bank of Georgia Group PLC-ի և Ամերիաբանկի առանցքային մի շարք ցուցանիշներ բավականին հուսադրող արդյունքներ են ցույց տվել։ Մյուս կողմից՝ Bank of Georgia Group PLC-ի հիմնական բաժնետերերի մեջ իրենց մասնակցությունն ունեն Արևմտյան տարբեր խոշոր ընկերություններ։ Հետևաբար, Ամերիաբանկի վաճառքի գործընթացը պետք է, որ նոր շունչ հաղորդի ՀՀ բանկային համակարգին և նպաստի դրա հետագա զարգացմանը։
TAGGED:
Share This Article