Հանրային տրանսպորտի գներն աշխարհի տարբեր քաղաքներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Ինչպես միշտ, մեծ խանդավառությամբ շարունակաբար գովազդվեց, որ նոր տոմսային համակարգ է ներդրվելու, բայց հետո պարզվում է, որ հանրությունը պետք է վճարի դրա դիմաց։ Միգուցե մարդկանց պետք էր նախապե՞ս տեղյակ պահել այդ մասին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստումներ են տրվում, որոնց համար, սակայն, վճարել է պետք։ Հնարավոր տարբերակ է նաև հանրաքվեի միջոցով հասկանալ՝ արդյոք մարդիկ դրական են տրամադրված այս գաղափարին։


Տրանսպորտի թանկացման նախագիծն ընդունվեց. այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Նույնը վերաբերում է նաև ավտոմեքենաների կայանատեղերի վճարներին, որոնք բարձրացվեցին այն պատճառաբանությամբ, թե քաղաքը կազատվի խցանումներից, բայց թե պատկերն ինչպիսին է՝ բոլորը գիտեն: Փող կորզելու այս քաղաքականությունը գործում է արդեն մեկ ամսից ավելի, սակայն խցանումները դեռևս չեն պակասում։

Շարունակելով թեման՝ փորձենք հասկանալ, թե աշխարհի որ քաղաքաներում են գործում հանրային տրանսպորտի ամենաթանկ և ամենաէժան ծառայությունները․

Ինչպես նկատում ենք, 2023թ-ի դրությամբ հանրային տրանսպորտը ամենաթանկը Ցյուրիխում է, որտեղ տոմսի միջին գինը կազմում է $4,85, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝ $110։

Երկրորդ տեղում է Ռոտերդամը, որտեղ հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $4,29, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $78։   Երրորդ հորիզոնականում է հայտնվել շվեյցարական Լոզան քաղաքը, որտեղ հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $4,11, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $82,14։ 

Սակայն, անշուշտ, աշխարհում կան քաղաքներ, որտեղ հանրային տրանսպորտը բավականին էժան է։ Այս առումով առաջին տեղում է գտնվում Ուզբեկստանի մայրաքաղաքը՝ Տաշքենդը, որտեղ  հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $0,13, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $13,52։

Հաջորդը Իսլամաբադն է, որտեղ հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $0,14, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $4,73։

Երրորդ հորիզոնականում է Բուենոս Այրեսը։ Այս քաղաքում հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $0,15, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $6,80։   

Հետաքրքիր է իրավիճակը նախկին Սովետական Միության և ՀՀ անմիջական հարևան երկրների մայրաքաղաքներում․      

Այստեղ մայրաքաղաքները կարելի է բաժանել 4 խմբի՝ ըստ հանրային տրանսպորտի գների։

Այսպես, առաջին խմբում ներառված են տարածաշրջանում ամենաէժան հանրային տրանսպորտ ունեցող Տաշքենդը և Աստանան։ Վերջինումս հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է $0,20, իսկ ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝  $16,88։

Երկրորդ խմբում են Բաքուն՝ $0,24, Երևանը՝ $0,26, Քիշնևը՝ $0,34, Մինսկը՝ $0,36 և Թբիլիսին՝$0,39 տրանսպորտի միջին արժեքով, իսկ  ամսական բաժանորդագրության միջին արժեքով՝ համապատասխանաբար $17,65, $12,12, $13,19, $18,18 և $15,4

Երրորդ խմբում են Թեհրանը և Անկարան։

Ամենաթանկ հանրային տրանսպորտը 4-րդ խմբում ներառված քաղաքներում է՝ Վիլնյուս, Ռիգա և Տալլին, որտեղ հանրային տրանսպորտի միջին գինը կազմում է համապատասխանաբար $0,70, $1,61, և $1,61, իսկ  ամսական բաժանորդագրության միջին արժեքը՝ համապատասխանաբար $31,12, $32,19, $32,19։

  • Այսպիսով, նկատում ենք, որ հանրային տրանսպորտի գներն աշխարհի տարբեր քաղաքներում էականորեն տարբերվում են միմյանցից։ Անշուշտ, այս տարբերությունը պայմանավորված է բնակչության կենսամակարդակով։ Ակնհայտ երևում էր, որ բարձր եկամուտներով երկրների քաղաքներում հանրային տրանսպորտի գներն էական բարձր էին։ Մյուս կողմից, նաև կարևոր հանգամանքներ են երկրի զարգացվածության մակարդակը, տնտեսական առանցքային ցուցանիշները, պետական բյուջեի ծավալը, քանի որ հարուստ երկրները հնարավորություն ունեն սուբսիդավորելու հանրային տրանսպորտը՝ էականորեն էժանացնելով հանրային տրանսպորտի գները հանրության համար։
    Մեր պարագայում խնդիր ունենք Երևան քաղաքի բյուջեի ծախսերի օպտիմալացման հետ, որի արդյունքում հնարավոր կլինի սուբսիդավորում իրականացնել՝ պահելով հանրային տրանսպորտի գները կայուն մակարդակում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների գրպանին/եկամուտներին/ համապատասխան։                                     
TAGGED:
Share This Article