Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ողջույնի խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը վկայակոչել է հայ-ֆիննական սերտ համագործակցությունը բնապահպանության ոլորտում և պատրաստակամություն հայտնել էլ ավելի սերտ գործակցության՝ հաշվի առնելով ֆիննական կողմի հսկայածավալ փորձը շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման բնագավառում։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտային հարցերի լայն շրջանակ։ Նախարարը գործընկերներին է ներկայացրել նախորդ տարվա ընթացքում իրականացված հիմնական բարեփոխումները։
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, վաղ նախազգուշացման համակարգին և այդ համատեքստում հիդրոօդերևութաբանական ծառայությունների մոնիթորինգային կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
Կողմերը տեսակետներ են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև անտառտնկման և անտառվերականգնման խնդրին։ Ֆիննական կողմը ներկայացրել է տնկարանների գործունեության իր փորձը և առաջարկել հայաստանյան մասնագետների համար վերապատրաստման հնարավորություն ստեղծել։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունների և փորձի փոխանակման վերաբերյալ: