Դիտարկենք տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը՝ հասկանալու, թե ինչպես ենք ամփոփել 2023թ-ի վերջին ամիսը:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ-ի դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏364,580 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏126,753 մլն: 2023թ-ի դեկտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏696,896 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏284,164 մլն արդյունքները:
2023թ-ի նոյեմբերին ՀՀ-ում արտադրվել է 823 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ի դեկտեմբերին կազմել է ֏333,162, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,462 մլն և $1,365 մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2023թ-ի դեկտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2022թ-ի դեկտեմբերի և 2023թ-ի նոյեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ․
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 9,5%, իսկ նոյեմբերի համեմատ՝ 19,8%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը բավականին բարձր է եղել։ Այսպես, 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի և 2023թ․-ի նոյեմբերի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալներում արձանագրված աճը կազմել է համապատասխանաբար 20% և 11,6%:
2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի համեմատ զգալի աճ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալներում՝ մոտ 36%-ով։ Ավելին, 2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալները աճել են մոտ 26%-ով։
2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի համեմատ դիտվել է գնանկում 0,6%-ով, իսկ 2023թ-ի նոյեմբերի համեմատ՝ գնաճ 0,9%-ով։
2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի դեկտեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,8%-ով, իսկ 2023թ-ի նոյեմբերի համեմատ՝ 21,6%-ով։ 2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 12%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար 140%-ով և 33,2%-ով։ Մյուս կողմից 2023թ․-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 27%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 9,2%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում