Ապահովագրական ո՞ր ընկերություններն են ներառվել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

2 Min Read

Վերջերս ՊԵԿ-ը հրապարակել էր ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որտեղ ներկայացված են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեությւոն ծավալող բազմաթիվ ընկերություններ։ Մեր վերլուծություններից մեկում անդրադարձել ենք ՀՀ բանկերին, որոնք ներկայացված են վերոնշյալ ցուցակում։

Ի տարբերություն բանկերի՝ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում ապահովագրական ընկերություններից միայն 3-ն են ներառված՝ Ինգո Արմենիա, Նաիրի Ինշուրանս և Լիգա Ինշուրանս։

Նշենք, որ «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ նույն Ռոսգոստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունն է, որը վերանվանվել է «Լիգա Ինշուրանս»։ Ապահովագրական ընկերությունների ներկայությունը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում ևս մեկ անգամ փաստում է այս ֆինանսական ինստիտուտների կարևորությունը ՀՀ տնտեսության համար։

Վերոնշյալ 3 ապահովագրական ընկերությունների կողմից  վճարած հարկերի ծավալները 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել են 17%-ով՝ կազմելով մոտ ֏2 մլրդ։   Ուսումնասիրենք իրավիճակը յուրաքանչյուր  ապահովագրական ընկերության մասով․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ին 2022թ-ի համեմատ «Լիգա Ինշուրանս»-ի կողմից վճարած հարկերի ծավալներն աճել են 66%-ով՝ կազմելով ֏815 մլն։ Ընկերությունը 2022թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցնում էր 554-րդ հորիզոնականը, իսկ 2023թ-ին բարելավել է իր արդյունքները՝ հաստատվելով 384-րդ հորիզոնականում։

2023թ-ին 2022թ-ի համեմատ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ կողմից վճարած հարկերի ծավալները նվազել են 1%-ով՝ կազմելով մոտ ֏619 մլն։

Նաիրի Ինշուրանսը 2022թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցնում էր 432-րդ հորիզոնականը, իսկ 2023թ-ին զիջել է իր դիրքերը՝ հաստատվելով 521-րդ հորիզոնականում։

2023թ-ին 2022թ-ի համեմատ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ կողմից վճարած հարկերի ծավալները նվազել են 5%-ով՝ կազմելով մոտ ֏564 մլն։ Ինգո Արմենիան 2023թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցրել է 580-րդ հորիզոնականը՝ 2022թ-ի համեմատ զիջելով իր դիրքերը 123-ով։

TAGGED:
Share This Article