«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով:
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին (իրական ՀՆԱ-ի աճը 2022 և 2023 թթ., համապատասխանաբար, 12.6% և 7.4%):
Գործակալության համոզմամբ՝ աշխատուժի աճի պահպանումը և արտադրողականության աճը բարձր արտադրողական ոլորտների ընդլայնման միջոցով, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, կավելացնեն երկրի պոտենցիալ տնտեսական աճը:
Գործակալությունը 2024 թ. համար ակնկալում է 6% տնտեսական աճ՝ պայմանավորված մասնավոր հատվածի սպառման և պետական բյուջեի ծախսերի ու ներդրումների ավելացմամբ, իսկ 2025 թ. տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 4.9%, ինչը բարձր է համադրելի երկրների 3.7% միջինից:
Անդրադառնալով ԼՂ բռնի տեղահանված անձանց խնդրին՝ գործակալությունը նշել է, որ վերջիններիս ինտեգրման միջոցառումները կմեծացնեն ընթացիկ տարվա հարկաբյուջետային ծախսերը, և պետական եկամուտների ավելացման ու ՀՆԱ-ի կայուն աճի ֆոնին պետական բյուջեի պակասուրդը 2024 թ. կկազմի ՀՆԱ-ի 4.5%-ը` 2025 թ. նվազելով մինչև 2.9%:
Գործակալությունն ընդգծել է, որ 2023 թ. վերջին Կառավարության պարտք/ՀՆԱ 48.2% ցուցանիշը ցածր է համադրելի երկրների 52% միջինից, և ակնկալում է, որ այն 2024 թ.-ին միջինում կկայունանա 49.4%-ի շրջակայքում: Բացի այդ, պարտքի ռազմավարությանը համահունչ կշարունակվի կառավարության պարտքի կազմում դրամով պարտքի կշռի բարելավումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում