Այս անգամ դիտարկենք 2023թ-ի դեկտեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2023թ․-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2023թ-ի գների ամենախոր անկումը։
Իրավիճակը դեկտեմբերին հասկանալու համար ուսումնասիրենք 2023թ-ի դեկտեմբերի գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի նոյեմբերի համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գները նվազել են 0,6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ, ընդհակառակը, գներն աճել են 0,9%-ով։ Հիշեցնենք, որ 2023թ-ի սեպտեմբերին և հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նկատված 0,1% գնաճից հետո դեկտեմբերին նույնպես դիտվում է գնանկում։ Պետք է նաև նկատի ունենալ, որ 2023-ի դեռևս հունվար և փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10,5%-ով, արտահանման ծավալները՝ 85,7%-ով. Նոյեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա և 2023թ-ի նոյեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գնանկում արձանագրվել է ընդամենը 3 ոլորտներում։
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկումն ամենաշոշափելին է՝ 4,8%: 2-րդ հորիզոնականում է կապի ոլորտը՝ 0,5%: 3-րդ տեղում է տարբեր ապրանքներ և ծառայություններ ոլորտը՝ 0,1% գնանկումով։
Մյուս կողմից, 2023թ-ի դեկտեմբերին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը գրանցվել է ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներում՝ 8.4%: 2-րդ տեղում է տրանսպորտի ոլորտը, որտեղ գները աճել են 5,5%-ով։ 3-րդ հորիզոնականում է հայտնվել կրթության ոլորտը՝ 4,8% գնաճով:
2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0,9%-ով։ Նույն պատկերն էր 2023թ-ի սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ։
2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գների անկում դիտվել է տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում՝ 0,2%-ով։
Նկատելիորեն աճել են սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 2%-ով։ 2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ 0,6% գնաճ դիտվել է բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ ոլորտում։
2023թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ գների փոփոխություն չի դիտվել հագուստ և կոշիկ, առողջապահության, կրթություն և կապի ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում