ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «Trump Organization» ընկերության նախկին ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգն իրեն մեղավոր է ճանաչել հարկային օրենսդրությունը խախտելու մեջ և համաձայնել է ցուցմունք տալ ընկերության դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Վայսելբերգն իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ 15 տարի շարունակ մասնակցել է հանցավոր սխեմայի, որը «Trump Organization»-ին թույլ է տվել խուսափել ընդհանուր 1,7 մլն դոլար շահութահարկի վճարումից, ներառյալ շքեղության հարկի արտոնությունները: Նա խոստովանել է, որ թաքցրել է դրանք իր հաշվապահից, որպեսզի նվազեցնի իր եկամուտը, և գիտակցաբար չի նշել այդ եկամուտներն իր անձնական հարկային հայտարարագրերում:
Գործարքի շրջանակներում նա կվճարի գրեթե 2 մլն դոլար հարկերի, տոկոսների և տուգանքների գծով ապառքները և կհրաժարվի բողոքարկման իրավունքից: Դատավոր Խուան Մերչանտը նշել է, որ Վայսելբերգի դատավճիռը կկայացվի «Trump Organization»-ի դեմ դատավարությունից հետո: Դատավորը նաև նախազգուշացրել է Վայսելբերգին, որ եթե նա չկատարի մեղքի ճանաչման մասին համաձայնագրի բոլոր պայմանները, դատարանը կարող է «ցանկացած օրինական դատավճիռ» կայացնել, ինչի արդյունքում նրան կսպառնա 5-15 տարվա ազատազրկում:
Ապրիլին դատարանը Թրամփին պարտավորեցրել էր օրական 10 հազար դոլար վճարել իր կազմակերպության ենթադրյալ հանցագործությունների հետաքննության շրջանակներում փաստաթղթեր չներկայացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում