2023 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են 105 մլրդ դրամով. Հովհաննիսյան

2 Min Read

2023 թվականից սկսած իրականացվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց եկամտային հարկ վճարելու գործիքների ներդրման միջոցով ավելի պարզեցնել դրանց գործընթացը:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Անդրադառնալով ծրագրի առավելություններին՝ նախարարը նշել է, որ հայտատուները հնարավորություն կստանան եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց և իրենց ընտանիքի համար կատարված կրթական, սոցիալական, առողջապահական ծախսերը. կրթության գծով մինչև 100.000, իսկ առողջապահության մասով՝  մինչև 50.000 դրամ տարեկան:

Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանն ընդգծել է կապիտալ ծախսերի աճը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ: 2023 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են 105 մլրդ դրամով՝ կազմելով 494 մլրդ դրամ. աճել է նաև սոցիալական և տնտեսական ծախսերի թիվը՝ կազմելով շուրջ 209 մլրդ դրամ: Շուրջ 46,6 տոկոսով աճել են համայնքային ներդրումային ծրագրերը, գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները:

Նախարարի խոսքով պարտք/ՀՆԱ հարաբերության օպտիմալ շեմերը գնահատելու և պարտքի կառուցվածքի գնահատմանն ուղղված արտարժույթով պարտքի հետգնման գործառույթների մասով դրամի արժևորման պայմաններում 7,15 տոկոսի եկամտաբերությամբ՝ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շուրջ 187 մլն դոլարի պարտատոմսերի ետգնում:

Այն միտված է վերաֆինանսավորման ռիսկի նվազեցմանը: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման և հարկային բեռի սահմանման նպատակով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ բարձրացվել են ակցիզային հարկերի դրույքաչափերը:

Նախարարը նշել է նաև, որ Ֆինանսների նախարարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց շրջանակներում կատարվել է հարկերի արտոնության արդյունավետությանն ուղղված վերլուծություն:

Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Լրամշակման նպատակով մինչև երկու ամսով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի և Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Share This Article
Թողնել մեկնաբանություն