Կրիպտոակտիվների ոլորտում օրինական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն կունենան օգտվել բանկային ծառայություններից. ԿԲ

3 Min Read

Հայաստանի կենտրոնական բանկը նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել կրիպտոարժույթների մասին ազգային օրենսդրության նախագիծը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ BanksNews.am-ը հետաքրքրվել է` ինչպիսին են ԿԲ մոտեցումները սպասվող նախագծի և կրիպտոարժույթների մասին։

-Վերջին տարիներին Հայաստանում վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալները որքա՞ն են կազմում․ ԿԲ-ն ունի՞ մոտավոր հաշվարկ։

-Կենտրոնական բանկը կրիպտոակտիվների շուկայի ծավալների վերաբերյալ գնահատական չունի։

-ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը։ Այս հարցում ԿԲ-ն ունի՞ համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կա՞ ուսումնասիրություն, թե փողերի լվացման վերաբերյալ հարուցված գործերի քանի տոկոսն է պարունակում վիրտուալ ակտիվների ներգրավվածություն։

-ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հանցակազմով նախաձեռնված քրեական վարույթների, դրանցում ներգրավված դրամական միջոցների և այլ ակտիվների (այդ թվում՝ վիրտուալ կամ կրիպտոակտիվների) վերաբերյալ հավաստի տեղեկություններ կարող են տրամադրել ՀՀ իրավապահ մարմինները։ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև քննչական մարմինների և ՀՀ դատախազության հետ համագործակցության շրջանակներում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ, այդ թվում՝ վիրտուալ ակտիվների հնարավոր օգտագործմամբ գործարքների վերաբերյալ, եթե առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ։
Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության վերաբերյալ ամփոփ տվյալները ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տարեկան հաշվետվություններում: (https://www.cba.am/am/SitePages/fmcpublicannual.aspx ):

-Վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայությունների կարգավորման դեպքում ակնկալվո՞ւմ է պետական բյուջե լրացուցիչ հարկային եկամուտների ավելացում։ Եթե այո, կա՞ մոտավոր հաշվարկ՝ տարեկան որքան գումարի մասին է խոսքը։

-Կրիպտոակտիվներով ծառայությունների կարգավորման դեպքում պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության մասին Կենտրոնական բանկը գնահատականներ չունի:

-Ի՞նչ ժամկետներում է նախատեսվում մշակել և ընդունել կարգավորումները։ Արդյո՞ք ուսումնասիրվում են տեղական շուկայի առանձնահատկությունները։ Հանդիպուներ եղե՞լ են կրիպտոբիզնեսով զբաղվող ընկերությւոնների հետ։

-Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մոդելի ընտրության համար հաշվի են առնվել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական շուկայի զարգացումները: Կարգավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են: Դրանք նախատեսվում է ավարտել այս տարվա հունվար ամսվա ընթացքում, որից հետո նախագծերը կշրջանառվեն շահագրգիռ կողմերի (այդ թվում՝ կրիպտոակտիվների ոլորտում գործունեություն ծավալող անձանց) միջև, և կնախաձեռնվեն քննարկումներն օրենսդրական փաթեթի շուրջ:

-Արդյո՞ք նախատեսվում է կրիպտոբիզնեսին հնարավորություն տալ օգտվել բանկային ծառայություններից։

-Ըստ առաջարկվող կարգավորման` կրիպտոակտիվների ոլորտում օրինական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն կունենան օգտվել բանկային ծառայություններից՝ գործող օրենսդրության պահանջների կիրառմամբ։

-Արդյո՞ք նախատեսվում է ստեղծել թվային դրամ, եթե այո, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։

-Կենտրոնական բանկը շարունակաբար հետազոտում է թվային դրամի թողարկման նպատակահարմարությունը և հետևում է միջազգային զարգացումներին այդ ոլորտում: Այս պահի դրությամբ, դիտարկելով հնարավոր առավելությունները և ռիսկերը, դեռ ակնհայտ չէ նման գործիքի նպատակահարմարությունը: Սակայն տեխնոլոգիաներն արագ զարգանում են, և դրանց հետագա զարգացման ուղղությունները կարող են ազդել թվային դրամ թողարկելու որոշման վրա:

TAGGED:
Share This Article
34 Comments